կարևոր
349 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-07 16:37
Քաղաքական

Սա ուղիղ քաղաքական վրեժխնդրություն է․ Իշխան Սաղաթելյան

Սա շատ ուղիղ քաղաքական վրեժխնդրություն է, քաղաքական հետապնդում է, մարդկանց մանդատները գողացան՝ 60 հազար ձայն, հիմա էլ փորձում են այս ճանապարհով հետապնդել, սահմանափակել քաղաքական ուժի գործունեությունը»,- դատարանի դիմաց լրագրողներին ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Հիշեցնենք, որ այժմ դատարանում քննվում է  ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը։ Նա ձերբակալվել է նախօրեին։

Ըստ Սաղաթելյանի, Փաշինյանը ձգտում է այս ճանապարհով երկրում հաստատել մեկ անձի դիկտատուրա, մեկ անձի իշխանություն՝ լավ գիտացելով, որ ինքը զուրկ է լեգիտիմությունից. «Նման կերպ՝ ընդդիմադիր քաղաքական ուժերի, գործիչների հետապնդմամբ փորձում է ճանապարհ հարթել դիմադրության օջախները ոչնչացնելու, դրսի գործընկերներին տված խոստումներն իրականացնելու համար։

Այս իշխանության դեմ, որը զուրկ է լեգիտիմությունից, չունի սրբություն, կարմիր գիծ, իր իշխանությունը պահելու համար  պատրաստ է  ամեն ինչի, պետք է ինստիտուցիոնալ, համակարգված դիմադրություն, բոլոր քաղաքական ուժերը, ազգային գործիչները մեր երկրի համար  մտահոգ հասարակական, քաղաքական, մտավորական շրջանակները մեկտեղեն իրենց ջանքերը, կազմակերպեն դիմադրություն ու հասնենք փոփոխության»։

Սաղաթելյանն ասաց, որ եթե նախորդ վեց տարվա ընթացքում իրենք ունենային մի շրջան, երբ որ դաշտի բոլոր ուժերն անխտիր այս նպատակի շուրջ միավորեին իրենց ջանքերը, այս օրը չէինք հասնի. «Այս ժամանակահատվածում տարբեր միավորներ առանձին-առանձին պայքարել են, բայց չենք ունեցել մի շրջան, շարժում, երբ որ բոլոր ուժերը մեկտեղված լինեին։ Ճանապարհը մեկն է՝  համակարգված դիմադրություն այս գործող հանցավոր ռեժիմի դեմ»։