Միասին կարող ենք
կարևոր
1162 դիտում, 59 րոպե առաջ - 2026-07-03 18:14
Հասարակություն

Սևանի գերեզմանատան մոտ գտնվող մեքենայում երիտասարդի մարմին է հայտնաբերվել

Սևանի գերեզմանատան մոտ գտնվող մեքենայում երիտասարդի մարմին է հայտնաբերվել

Այսօր՝ հուլիսի 3-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սևան քաղաքի հոգեկան առողջության կենտրոնի հարևանությամբ գտնվող գերեզմաններում ավտոմեքենա կա կայանված, որի մեջ էլ՝ դի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, համայնքային և քրեական ոստիկաններն ու պարեկները գերեզմանների տարածքում հայտնաբերել են «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդի կողքի նստատեղին հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին։

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և մահացածի ինքնությունը։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Քննիչի որոշմամբ ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ է, ով այցելել է իր հարազատի գերեզմանը, իսկ հետո էլ նրան հայտնաբերել են ավտոմեքենայում մահացած։