|
Փոխարժեքներ
22 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.07 |
| EUR | ⚊ | € 421.59 |
| RUB | ⚊ | ₽ 4.9813 |
| GBP | ⚊ | £ 487.1 |
| GEL | ⚊ | ₾ 138.83 |
Հայ-ֆրանսիական ամուր կապերն առավել ամրապնդելու նպատակով Քաջարանում ֆրանկոֆոն կենտրոն է բացվել, որը նախատեսվում է դարձնել ֆրանսերեն լեզվի ուսուցման, մշակութային նախաձեռնությունների և հայ-ֆրանսիական համագործակցության կարևոր հարթակ։
Ինչպես հայտնում է Քաջարանի համայնքապետարանը, նախաձեռնությունը կյանքի է կոչվել Սյունիքի մարզի և Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի միջև ձևավորված գործընկերության շրջանակում և արդեն իսկ մեծ հետաքրքրություն է առաջացրել տեղի երիտասարդների շրջանում։
Բացման արարողությանը մասնակցել են Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Վիեն քաղաքի քաղաքապետ և «Օվերն-Ռոն-Ալպեր-Սյունիք» համագործակցության ցանցի նախագահ Թիերի Կովակսը, Սեն Շամոնի պատվիրակության ներկայացուցիչները, Գորիսում Ֆրանսիայի պատվավոր հյուպատոս Կարմեն Ափունցը, Սյունիքի մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև բազմաթիվ հյուրեր և գործընկերներ։
Միջոցառմանն ընդգծվել է, որ Ֆրանկոֆոն կենտրոնի ստեղծումը կարևոր քայլ է ոչ միայն Քաջարանի, այլև ամբողջ Սյունիքի համար։ Այն դիտարկվում է որպես Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամության, համագործակցության և ընդհանուր արժեքների խորհրդանիշ։
Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը նշել է, որ վերջին տարիներին Սյունիքի մարզի և Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի միջև ձևավորված ամուր հարաբերությունները նոր բովանդակություն են ստացել, ինչի արդյունքում Քաջարանն ու Սեն Շամոնը դարձել են քույր քաղաքներ։
«Մեր շարունակական համագործակցությունն ու փոխադարձ վստահությունը տվեցին իրենց արդյունքները, և այսօր Քաջարանում բացվում է ֆրանկոֆոն կենտրոն, որը կդառնա ուսուցման, ստեղծարարության և բարեկամության խորհրդանշական վայր»,- ընդգծել է համայնքապետը՝ շնորհակալություն հայտնելով ֆրանսիացի գործընկերներին աջակցության և արդյունավետ համագործակցության համար։
Կենտրոնի գործունեության հիմնական ուղղություններն են ֆրանսերենի դասընթացների կազմակերպումը, մշակութային աշխատարանների անցկացումը, ինչպես նաև կրթական և ստեղծագործական ծրագրերի իրականացումը։ Այժմ կենտրոնում սովորում են երեխաներ, պատանիներ և մեծահասակներ, որոնք հետաքրքրված են ֆրանսերեն լեզվով և ֆրանկոֆոն մշակույթով։
Սա «Օվերն-Ռոն-Ալպեր–Սյունիք» ցանցի նախաձեռնությամբ ստեղծված առաջին ֆրանկոֆոն կենտրոնն է, որը կարող է հիմք դառնալ նմանատիպ ծրագրերի հետագա ընդլայնման համար։ Միջոցառման շրջանակում ցուցադրվել է նաև Սեն Շամոնի քաղաքապետ Աքսել Դյուգանի տեսաուղերձը, որով նա վերահաստատել է երկու քաղաքների միջև համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ուսումնական կենտրոնի ղեկավար Մարինե Ղահրամանյանն էլ հյուրերին ներկայացրել է Հայաստանի հարավում ֆրանկոֆոն նորարարության, կրթության և ներդրումների բևեռ ձևավորելու ռազմավարական տեսլականը։
Կենտրոնի հիմնադիրները շնորհակալություն են հայտնել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը և Օվերն-Ռոն-Ալպեր ռեգիոնին՝ ծրագրին ցուցաբերած աջակցության համար։ Նրանց աջակցությամբ գրադարանը համալրվել է ֆրանսերեն գրականությամբ, ուսումնական և մեթոդական նյութերով։
Վիեն քաղաքի քաղաքապետ և «Օվերն-Ռոն-Ալպեր-Սյունիք» համագործակցության ցանցի նախագահ Թիերի Կովակսը նշել է, որ Քաջարանում բացված ֆրանկոֆոն կենտրոնը «Ֆրանկոֆոն կենտրոնների ցանցը Սյունիքում» ծրագրի առաջին կարևոր քայլերից մեկն է։
«Շուրջ 20 տարի գործող կենտրոններ ունենք Գորիսում և Կապանում, իսկ Քաջարանի կենտրոնը դեռ սկիզբն է։ Մեծ ակնկալիքներ ունենք, որ այն կդառնա շարժիչ ուժ Սյունիքի մյուս քաղաքներում ևս նմանատիպ կենտրոններ ստեղծելու համար»,- շեշտել է նա։
Ֆրանսիացի պաշտոնյան ընդգծել է, որ Ֆրանսիայի առանձնահատուկ վերաբերմունքը Սյունիքի նկատմամբ արտահայտվում է նաև ակտիվ համագործակցությամբ և փոխայցելություններով։ Նրա խոսքով՝ ընդամենը մեկուկես տարվա ընթացքում սա արդեն երրորդ այցն է Սյունիք, ինչը վկայում է հարաբերությունների շարունակական զարգացման մասին։ Անդրադառնալով հայ-ֆրանսիական հարաբերություններին՝ Գիլի Կովաքսը կարևորել է այն փաստը, որ Ֆրանսիայում բնակվող մեծաթիվ հայկական համայնքը նշանակալի դեր ունի երկու ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման գործում։
Վիեն քաղաքի առաջին փոխքաղաքապետ, «Օվերն-Ռոն-Ալպ-Սյունիք» համագործակցության ցանցի համակարգող Լևոն Սաքունցը Ֆրանկոֆոն կենտրոնի բացումը գնահատել է որպես պատմական իրադարձություն Սյունիքի և հատկապես Քաջարանի համար։
«Այսօր պատմական օր է Սյունիքի և հատկապես Քաջարանի համար։ Ֆրանսիան այստեղ բացում է ֆրանկոֆոն կենտրոն, ինչը նշանակում է, որ քաղաքի երիտասարդները հնարավորություն են ստանում սովորել ֆրանսերեն, շփվել Ֆրանսիայի ու Եվրոպայի հետ և ավելի սերտ կապեր հաստատել»,- նշել է նա։
Ըստ Սաքունցի՝ կենտրոնի գործունեության առաջին ամիսներն արդեն ցույց են տվել, որ երիտասարդների շրջանում կա մեծ հետաքրքրություն և ներգրավվածություն, ինչը վկայում է նախաձեռնության պահանջված լինելու մասին։ Նա նաև ընդգծել է, որ Հայաստանի անկախությունից հետո առաջին անգամ է ձևավորվում քույր քաղաքների և քույր մարզերի ամբողջական համակարգ, որի շրջանակում Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնն ու Սյունիքի մարզը համագործակցում են ինստիտուցիոնալ մակարդակով, իսկ Սյունիքի բոլոր յոթ քաղաքները գործընկերային կապեր են հաստատում ֆրանսիական համայնքների հետ։
Սաքունցը նաև նշել է, որ այս ծրագրերի իրականացման համար մեծ ջանքեր են գործադրվել ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ Հայաստանում։ Նրա խոսքով՝ Ֆրանսիայի մեծ հայկական համայնքը դեռևս 20-րդ դարի սկզբից նպաստել է ֆրանսիական հասարակության մեջ հայերի նկատմամբ դրական վերաբերմունքի ձևավորմանը, սակայն երկու երկրների միջև հարաբերությունների հետագա խորացման ուղղությամբ անհրաժեշտ է շարունակական աշխատանք։
Կենտրոնի բացման արարողության մասնակիցները համակարծիք են եղել, որ Քաջարանի ֆրանկոֆոն կենտրոնը կոչված է դառնալու հանդիպումների, գիտելիքի, մշակութային փոխանակումների և ստեղծագործական նախաձեռնությունների կենդանի միջավայր։ Այն կնպաստի ոչ միայն ֆրանսերենի տարածմանը, այլև Հայաստանի և Ֆրանսիայի ժողովուրդների միջև բարեկամության հետագա ամրապնդմանը։ Նորաստեղծ ֆրանկոֆոն կենտրոնը համայնքի կյանքում բացում է նոր էջ՝ ստեղծելով կրթական, մշակութային և միջազգային համագործակցության նոր հնարավորություններ ինչպես Քաջարանի, այնպես էլ ամբողջ Սյունիքի համար։