|
Փոխարժեքներ
12 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.42 |
| EUR | ⚊ | € 424.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.0964 |
| GBP | ⚊ | £ 492.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.76 |
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է․
«Հայաստանի ընտրությունների արդյունքների վերաբերյալ Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենայի գրեթե բոլոր հրապարակումներում կարմիր գծի պես անցնում է մտահոգությունն առ այն, որ Հայստանում հնարավոր չի լինելու փոխել սահմանադրությունը։
Սա, ըստ էության, փոփոխում է Բաքվի բռնապետի վարչախմբի և Հայաստանի միջև հարաբերությունների հեռանկարը, որովհետև Բաքվում ենթադրում էին, որ մի կողմից այդ վարչախմբի առաջ քաշած պահանջների բավարարման, իսկ մյուսից՝ Հայաստանը ադրբեջանա-թուրքական հաղորդակցային և տնտեսական կախման մեջ դնելու հեռագնա հակահայկական ծրագրերի միջոցով հնարավոր է' լինելու հասնել Հայաստանի որպես աշխարհաքաղաքական գործոնի ամբողջական չգոյությանը, ինչ այժմ խոշոր հարցականի տակ է հայտնվում։
Ընդ որում, որքան էլ պարադոքսալ թվա, թշնամական պահանջների ճնշմանը դիմակայելու և դրանք չկատարելու համար խորհրդարանում սահմանադրական մեծամասնության կորուստը Հայաստանում իշխող ուժի համար ստեղծել է նպաստավոր պայմաններ, որովհետև ձևավորվել է մի իրավիճակ, երբ սահմանադրությունը փոփոխելն օբյեկտիվորեն անհնարին է դառնալու, այսինքն դա չանելու մեջ այդ իշխանությանը մեղադրելն անհնարին է լինելու։
Բաքվի բարբարոսկան վարչախմբի համար նկատելիորեն սահմանափակվել է նաև ուժի սպառնալիքի կամ կիրառության հեռանկարը մի քանի պատճառներով։
Դրանցից մեկն այն է, որ, դիցուք, սահմանադրությունը փոխելու՝ Հայաստանի «տնային աշխատանքի» (Վաշինգտոնում հնչած խիստ վիրավորական արտահայտության մեջբերումն է) չկատարումը չի կարող դիտարկվել ուժի կիրառության առիթ (casus belli), դրա կատարման օբյեկտիվ անհնարինության պատճառով։
Մյուս կողմից տարածաշրջանային իրավիճակը, արհեստածին Ադրբեջանում հասարակական աննպաստ տրամադրությունները, հայկական բանակի թեև թուլացած, բայց դեռևս պահպանվող ռազմական ներուժը Բաքվի բարբարոսկան վարչախմբի կողմից Հայաստանի դեմ սանձազերծվելիք հնարավոր պատերազմը կարող են վերածել անկանխատեսելի հետևանքներով խիստ ռիսկային արկածախնդրության, որին Բաքվի բռնապետը կգնա միայն սեփական իշխանության կորստի վտանգի դեպքում։
Սա Հայաստանի պատմության այն դեպքերից է, երբ նույնիսկ սպառողականության, հուսալքության և ապազգայնացման քարոզչական հսկայական մամլիչի տակ գտնվող մեր ազգն իր խոշոր մի հատվածի պարզ գործողության՝ ընտրության գնալու, շնորհիվ փոխում է թե ներքին, թե արտաքին իրավիճակը, որից ի նպաստ մեր ազգի և պետության օգտվելն արդեն քաղաքական վերնախավերի պատասխանատվության տիրույթում է»։