Միասին կարող ենք
կարևոր
1492 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-10 09:38
Իրավական

Հետապնդում՝ առանց իրավական ընթացակարգի՞. դատախազության հայտարարությունը հարցեր է առաջացնում. «Ժողովուրդ»

Հետապնդում՝ առանց իրավական ընթացակարգի՞. դատախազության հայտարարությունը հարցեր է առաջացնում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ դատախազությունը երեկ պաշտոնապես տեղեկացրեց, որ «դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Գ. Ծ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու մեղադրանքով»։

Նույն օրը Գագիկ Ծառուկյանն ու նրա կինը պատրաստվում էին եռօրյա այցով մեկնել արտերկիր։ Սակայն օդանավակայանի VIP սրահում նրանց տեղեկացվել է, որ առկա է խնդիր, որի պատճառով չեն կարող լքել երկիրը։ Դրանից հետո Ծառուկյանները հրաժարվել են նախատեսված այցից և վերադարձել տուն։

Սակայն ստեղծված իրավիճակում կա մի կարևոր հանգամանք։ Բանն այն է, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու, հետևաբար նաև որևէ խափանման միջոց կիրառելու համար անհրաժեշտ միջնորդությունը և համապատասխան թույլտվությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից չեն տրամադրվել դատախազությանը։ Ծառուկյանը պատգամավորի թեկնածու է և ունի անձեռնմխելիություն։

Սա նշանակում է, որ խոսքը, ամենայն հավանականությամբ, նոր քրեական վարույթի մասին չէ, այլ նախկինում հարուցված քրեական գործի շրջանակում իրականացվող գործընթացի մասին է, որի վերաբերյալ տեղեկությունը պաշտոնապես հրապարակվել է միայն այժմ։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է ՀՀ գլխավոր դատախազությունից պարզել, թե հարկերից խուսափելու վերաբերյալ քրեական վարույթը կոնկրետ երբ է հարուցվել։ Սակայն դատախազությունից պատասխանել են. «Այն, ինչ այս պահին կար հրապարակման ենթակա, ասել ենք, մնացած հարցերը՝ գրավոր»։ Դիմել ենք։

«Ժողովուրդ» օրաթերթը նաև ՀՀ քննչական կոմիտեից փորձեց պարզել՝ երբ է հարուցվել վարույթը, ո՞ւր է ԿԸՀ-ի թույլտվությունը, միջնորդության բավարարումը։ Սակայն Քննչական կոմիտեից էլ հրաժարվեցին տեղեկություն տրամադրել՝ նշելով, որ, քանի որ տեղեկությունը պաշտոնապես հրապարակվել է Գլխավոր դատախազության կողմից, ապա անհրաժեշտ է պարզաբանումների համար դիմել հենց դատախազություն։

Այսպիսով, Ծառուկյանի գործը ի ցույց է դնում քաղաքական բռնաճնշման դասական դրսևորում. Փաշինյանը ԱԺ-ում երկուշաբթի վերահաստատեց, որ պետք է եռագլուխ կուսակցությունների ղեկավարները «նստեն», երեքշաբթի արդեն դատախազը հայտարարություն տարածեց։ Իսկ գուցե այս ամենը արվում է, որ Գագիկ Ծառուկյանը հրաժարվի քաղաքական պայքարից, չվերցնի մանդատները, որպեսզի ՔՊ-ն բոնուսների շնորհիվ կարողանա 2-3 մանդատ ավել ունենալ ԱԺ-ում»։