Միասին կարող ենք
կարևոր
463 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-28 21:02
Քաղաքական

Դատարկ ձեռքերով կարող ես կանգնեցնել թշնամուն, եթե ունես ոգի․ նոր Սարդարապատ է առաջիկա ընտրությունը, մեր կռիվը տանք արժանապատվորե՛ն․ Արմեն Ռուստամյան

«Այս օրը մեզ համար միշտ եղել է սրբազան։ Այն ունի մեծ խորհուրդ, որն առաջին հերթին կապված է նրա հետ, թե որքանով ենք կարևորում մեր ինքնությունը, անկախությունն ու պետականությունը»,-Սարդարապատում օրվան նվիրված հավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

Նրա խոսքով՝ պետության իրական անկախությունն ու ինքնիշխանությունն այսօր ակնհայտ է դառնում, երբ համեմատում ենք 1918թ-ի և այսօրվա վիճակը։ 

«1918թ-ին չկար պետություն, բայց կար համախմբված հայություն, կար միասնական հայություն, իր ինքնությունը պահպանելուն նվիրված հայություն։ Այդ հավաքական ուժը պետություն չունենալով՝ կարողացավ կանգնեցնել թշնամուն 3 ճակատով՝ Սարդարապատում, Բաշ Ապարանում և Ղարաքիլիսայում։ Սա միայն այդ ոգու արդյունքն է։ Եթե կա ոգի, ապա թշնամուն կարելի է կանգնեցնել փոցխերով ու եղաններով, ինչպես Բաշ Ապարանում, կարելի է կանգնեցնել դատարկ ձեռքերով, եթե ունես կռվելու ու պայքարի ոգի։ Եթե հասկանում ես, որ գոյությունդ անիմաստ է դառնում, եթե հեռանաս ինքնությունից, հրաժարվես։ Հենց դա էին մեզանից պահանջում դարեր շարունակ ...Այսօր «հայ» և «հաղթանակ» բառերն այս իշխանությունների համար դարձել են մերժելի։ Փախչում են դրանից։ Մենք հենց սա պետք է վերականգնենք»,- նշեց Արմեն Ռուստամյանը։