|
Փոխարժեքներ
27 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.05 |
| EUR | ⚊ | € 428.34 |
| RUB | ⚊ | ₽ 5.1797 |
| GBP | ⚊ | £ 494.66 |
| GEL | ⚊ | ₾ 137.83 |
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը գրում է․
«Իր քաղաքական կարիերայի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հաճախ է հղում արել «Կարգին հաղորդման» տարբեր սյուժեներին ու սկետչերին: Այդ նախագծի թողարկումներից մեկում հնչում է մի ձևակերպում. «Տղերք, հետ եկեք, կատակ էր անում»: Սակայն ներկայիս միջպետական հարաբերություններում նման կատակներն անտեղի են, իսկ իրավիճակը հետ շրջելու հնարավորությունը դառնում է էլ ավելի անիրական:
Լուրջ անհանգստության առիթ է հանդիսացել ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականի վերջերս կատարած հրապարակումը: Հղում անելով Ռուսաստանի Դաշնության կառավարության բարձրաստիճան աղբյուրին՝ թերթը հայտնում է, որ հայկական կողմին փոխանցվել է պաշտոնական նամակ, որտեղ մանրամասն ներկայացված են Երևանի ներկայիս աշխարհաքաղաքական կուրսի հետևանքները: Խոսքը հստակ տնտեսական միջոցների մասին է՝ արտոնյալ պայմաններով նավթի, նավթամթերքի, գազի և ադամանդի մատակարարումների դադարեցման վերաբերյալ: Չնայած Հայաստանի իշխանությունները շտապեցին հերքել այս տեղեկությունը, կարևոր է արձանագրել ռուսաստանցի պաշտոնյաների հայտարարությունների ընդհանուր տրամաբանությունը, որոնք գնալով ավելի կոշտ են դառնում:
Իրավիճակը վախենալու չափ հիշեցնում է 44-օրյա պատերազմի շրջանի տեղեկատվական ֆոնը: Հիշեք Արծրուն Հովհաննիսյանի ամփոփագրերը, որոնք հասարակությանը համոզում էին մոտալուտ հաղթանակի մեջ: Այսօր նույն մարդիկ հարց են տալիս, թե ինչու քաղաքացիները չէին գնում զոհվելու հանուն Արցախի՝ մոռանալով, որ հենց իրենք էին քնեցնում ժողովրդի զգոնությունը կեղծ հաղթական զեկույցներով: Երբ իշխանությունները հայտարարում են, թե մենք «համարյա հասել ենք Բաքու», մարդիկ շարունակում են ապրել իրենց սովորական կյանքով՝ չգիտակցելով իրական վտանգը:
Այսօր Մոսկվան հստակ հասկացնում է՝ հարաբերությունների նախկին ձևաչափին վերադարձ չի լինելու: Պետական դումայում արդեն քննարկվում է Ռուսաստանում աշխատող Հայաստանի քաղաքացիների արտոնյալ կարգավիճակի չեղարկման հնարավորությունը: Սա նշանակում է, որ մեր հարյուր հազարավոր հայրենակիցներ կարող են մեկ օրում զրկվել գոյության միջոցներից: Այս ամենը տեղի է ունենում այն պատճառով, որ սեփական քաղաքական ապագան ապահովելու համար Նիկոլ Փաշինյանը որդեգրել է Ռուսաստանի հետ հարաբերությունների հիմնարար խզման և թյուրքական աշխարհին ինտեգրվելու կուրս:
Այս իրավիճակում Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար մնում է միակ գործուն գործիքը՝ մասնակցությունը ընտրություններին: Յուրաքանչյուր ձայն ունի վճռորոշ նշանակություն: Միայն ընտրական գործընթացի միջոցով է հնարավոր արտահայտել իրական վերաբերմունքն այն քաղաքականությանը, որը հարվածի տակ է դնում երկրի տնտեսական անվտանգությունն ու ապագան»: