Միասին կարող ենք
կարևոր
1240 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-27 17:19
Քաղաքական

ՌԴ-ն ՀՀ-ին տեղեկացրել է գազի համաձայնագրի հնարավոր չեղարկման մասին․ Զախարովա

ՌԴ-ն ՀՀ-ին տեղեկացրել է գազի համաձայնագրի հնարավոր չեղարկման մասին․ Զախարովա

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանից ստացել է ծանուցում, ըստ որի՝ եթե Երևանը շարունակի Եվրամիությանն անդամակցելու գործընթացը, կարող են չեղարկվել գազի, նավթամթերքի և ադամանդների մատակարարման վերաբերյալ համաձայնագրերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ТАСС-ը։

Դիվանագետը մեկնաբանել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հայտարարությունը, ըստ որի՝ նախարարությունը դեռևս չի ստացել Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունից որևէ գրավոր դիմում՝ գազի մատակարարման համաձայնագրերի հնարավոր դադարեցման վերաբերյալ։

«Սա արդեն հայկական գերատեսչությունների միջև փոխգործակցության հարց է․ Դավիթ Խուդաթյանը կարող է զանգահարել Հայաստանի ԱԳՆ և խնդրել իրեն տեղեկացնել ստացված փաստաթղթերի մասին»,- գրել է Զախարովան իր Telegram ալիքում։

«Կրկնում եմ․ 2026 թվականի մայիսի 27-ին Հայաստանում ՌԴ դեսպանատունը պաշտոնապես հայկական կողմին է փոխանցել ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևի նամակը՝ հասցեագրված Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։ Նամակում նշվում է, որ եթե Հայաստանը շարունակի Եվրամիությանն անդամակցելու գործընթացը, ռուսական կողմը միակողմանիորեն կկասեցնի կամ կչեղարկի 2013 թվականի դեկտեմբերի 2-ին ստորագրված՝ բնական գազի, նավթամթերքի և չմշակված բնական ադամանդների մատակարարման ոլորտում ՌԴ և Հայաստանի կառավարությունների միջև համագործակցության համաձայնագիրը»,- նշել է դիվանագետը։

2013 թվականին Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված համաձայնագրի համաձայն՝ Ռուսաստանը Հայաստանին գազ, նավթամթերք և չմշակված ադամանդներ է մատակարարում առանց արտահանման մաքսատուրքերի և արտոնյալ պայմաններով՝ ներքին սպառման նպատակով։