Միասին կարող ենք
կարևոր
649 դիտում, 43 րոպե առաջ - 2026-05-25 14:24
Հասարակություն

17 հազար բնակչի սպասարկող 271 երթուղին՝ 20 նստատեղով․ Նոր Հաճըն-Երևան ճանապարհը վերածվել է ամենօրյա փորձության

17 հազար բնակչի սպասարկող 271 երթուղին՝ 20 նստատեղով․ Նոր Հաճըն-Երևան ճանապարհը վերածվել է ամենօրյա փորձության

Կոտայքի մարզի Նոր Հաճըն, Նոր Արտամետ, Մրգաշեն, Քանաքեռավան և հաճախ նաև Զովունի բնակավայրերում սպասարկում է 271 համարի տրանսպորտը: Բնակավայրերում բնակիչների թիվը /չհաշված Զովունին/  ավելի քան 17 հազար է, իսկ բնակիչների համար, բացառությամբ՝ Նոր Հաճընի և Զովունու, Երևան հասնելու միակ տրանսպորտային միջոցը 271 համարի երթուղայինն է։ Սակայն տարիներ շարունակ այս երթուղուց օգտվող բնակիչները դժգոհում են՝ նշելով, որ առավոտյան և երեկոյան ժամերին տրանսպորտ բարձրանալը գրեթե անհնար է։

Երթուղայինի վարորդներից մեկի խոսքով՝ գծում աշխատում է ընդամենը 11 միկրոավտոբուս, որոնցից յուրաքանչյուրը մոտ 20 նստատեղ ունի, իսկ երթևեկությունը կազմակերպվում է 15 րոպեն մեկ։ Միևնույն ժամանակ Նոր Հաճըն-Երևան-Նոր Հաճըն ամբողջական երթուղու երկարությունը մոտ 50 կիլոմետր է, ինչը խցանումների պայմաններում էլ ավելի է ծանրաբեռնում համակարգը։

Բնակիչների պատմածով՝ հատկապես աշխատանքային ժամերին իրավիճակը դառնում է «կատաստրոֆիկ»։ Նոր Հաճընի բնակիչ Արմինե Հարությունյանը պատմում է, որ աշխատանքից տուն հասնելը հաճախ վերածվում է մեկժամանոց տանջանքի. «Պարզապես կատաստրոֆիկ իրավիճակ է տրանսպորտում։ Ես աշխատում եմ Դավթաշենում և աշխատանքս ավարտում եմ երեկոյան 7-ին։ Շատ հաճախ բաց եմ թողնում 3-4 տրանսպորտ, որովհետև բարձրանալու տարբերակ չկա։ Ստիպված քայլելով բարձրանում եմ ամենաառաջին կանգառ, որ գոնե էնտեղից մի կերպ խցկվեմ, տուն հասնեմ։ Դա էլ մի ուրիշ փորձություն է՝ հազար հոգով կանգնած, մեկը հազում է, մեկը փռշտում, մյուսը շոգում է, մյուսը մրսում։ 15 րոպեի ճանապարհն ինձ համար մեկ ժամ և ավելի է տևում»։

Նրա խոսքով՝ շատ ուղևորներ նույնիսկ չեն կարողանում նստել Դավթաշենից և ստիպված անցնում են փողոցի հակառակ կողմը, նստում մյուս ուղղությամբ ընթացող տրանսպորտ, ամբողջ Երևանով պտտվում ու միայն այդպես հասնում տուն։ «Քաղաքի խցանումներն էլ մի կողմից մարդիկ անիմաստ ժամանակ են կորցնում։ Նույնը նաև առավոտյան է։ Մի քիչ թեթև ցերեկային ժամերին է լինում տրանսպորտը»։

Խնդրի շուրջ պարզաբանում ստանալու համար մենք զանգահարեցինք Նոր Հաճնի համայնքապետարան, որտեղից մեզ պատասխանեցին, որ համայնքապետարանը երթուղու սպասարկման հետ անմիջական կապ չունի։ «Մրցույթ է իրականացվում, տենդերը շահում են ու սպասարկում»,- նշեցին համայնքապետարանից։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչ Սոնա Հարությունյանի խոսքով՝ Կոտայքի մարզում ներդրված է միասնական երթուղային համակարգ, և 271 գիծը սպասարկում է մրցույթով ընտրված մեկ օպերատոր՝ «Multi Transport»-ը։ Նրա խոսքով՝ ընկերությունը մասնակցել է մրցույթին, շահել այն և այժմ իրականացնում է սպասարկումը։

Հարությունյանը նաև տեղեկացրեց, որ ընկերությունը երթուղին շահել է 10 տարի ժամկետով։ Մեր հարցին, թե ով է վերահսկում ծառայության որակը, երբ բնակիչները դժգոհում են գերբեռնվածությունից, երկար սպասումներից և փոքր տարողությամբ տրանսպորտից, ՏԿԵՆ ներկայացուցիչը պատասխանեց, որ նախարարությունը քաղաքականություն մշակող մարմին է, իսկ վերահսկողությունն իրականացնում է տեսչական մարմինը։

Խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար դիմեցինք նաև ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին։ Տեսչական մարմնի Իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Ելենա Զոհրաբյանի խոսքով՝ եթե երթուղին տվյալ տարվա ստուգումների ծրագրում ներառված չէ, ապա վերահսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ է քաղաքացիների պաշտոնական բողոք կամ դիմում։

Նրա խոսքով՝ տեսչական մարմինը վերահսկում է հիմնականում չվացուցակի պահպանումը, տեխնիկական վիճակը և վարորդների փաստաթղթային համապատասխանությունը։ Զոհրաբյանը նաև պարզաբանեց, որ երթուղու համար անհրաժեշտ տրանսպորտային միջոցների քանակն ու տարողությունը որոշվում են մրցույթի փուլում՝ հաշվի առնելով բնակչության թվաքանակը, բնակավայրերի քանակը և ուղևորահոսքը։ «Եթե պարզվում է, որ շարժակազմը բավարար չէ, ՏԿԵՆ-ը կարող է վերանայել մրցույթի պայմանները և պահանջել լրացուցիչ տրանսպորտային միջոցներ»,- նշեց նա։ Սակայն դրա համար ևս անհրաժեշտ են բնակիչների բողոքներն ու դիմումները։

Նոր Հաճնի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արման Սմբատյանի խոսքով՝ համայնքապետարանը ևս բազմիցս բարձրաձայնել է խնդրի մասին։ «Մենք համայնքապետարանից մի քանի անգամ դիմել ենք, ասել են՝ կբարեկարգենք»,- նշեց նա։ Սմբատյանի խոսքով՝ համայնքից պաշտոնապես ուղևորահոսքի վերաբերյալ տվյալներ չեն պահանջվել, սակայն անհրաժեշտության դեպքում պատրաստ են տրամադրել համապատասխան տեղեկատվություն։

Միևնույն ժամանակ «Multi Transport» կազմակերպության հետ կապ հաստատել այդպես էլ չհաջողվեց։ Մեզ հասանելի բոլոր հեռախոսահամարներն անջատված էին։ Իսկ Արման Սմբատյանը, ով խոստացավ, կոնտակտային որևէ տվյալ փոխանցել երթուղին սպասարկող դիսպետչերից, այդպես էլ չարձագանքեց:

Այսպիսով, մինչ պետական կառույցները միմյանց են փոխանցում վերահսկողության և պատասխանատվության հարցը, հազարավոր քաղաքացիներ ամեն օր շարունակում են ժամերով կանգառներում սպասել՝ փորձելով տեղ գտնել արդեն գերբեռնված միկրոավտոբուսներում։

271 համարի երթուղու խնդիրը վաղուց միայն տրանսպորտային անհարմարության հարց չէ։ Այն դարձել է մի ամբողջ տարածաշրջանի բնակիչների առօրյա կյանքի, աշխատանքի, ժամանակի և նույնիսկ առողջության վրա ազդող համակարգային խնդիր։

 

Սոնա Սարգսյան