Միասին կարող ենք
կարևոր
382 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-19 09:15
Հասարակություն

Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում լարվածությունը չի մարում․ դասախոսները՝ թիրախում. «Ժողովուրդ»

Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում լարվածությունը չի մարում․ դասախոսները՝ թիրախում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Հակակոռուպցիոն կոմիտեի գործողություններից հետո իրավիճակը շարունակում է լարված մնալ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում։

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կաշառք տալու և ստանալու մեղադրանքով ձերբակալվել են Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոններից մեկի վարիչն ու դասախոսական կազմից մի շարք անձինք։ Ձերբակալված ամբիոնի վարիչը Գայանե Եղիազարյանն էր։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախօրեին Եղիազարյանը համալսարան է գնացել այնպիսի դեմքով, կարծես որևէ բան տեղի չի ունեցել։

Մենք տեղեկացանք, որ համալսարանի ողջ անձնակազմը շատ վաղուց տեղյակ է եղել Եղիազարյանի ենթադրյալ կոռուպցիոն մեխանիզմներից։ Ամիսներ շարունակ Հակակոռուպցիոն կոմիտեն ուսումնասիրել է համալսարանում առկա բողոքներն ու, ի վերջո, ձերբակալել նրան։ Այժմ քննություն է ընթանում։

Ըստ համալսարանի ներսից ստացված տեղեկությունների՝ իրավապահների ուշադրության կենտրոնում են հայտնվել մի շարք դասախոսներ, որոնց նկատմամբ իրականացվել են ստուգողական և քննչական գործողություններ։

Սակայն առավել մեծ դժգոհություն է առաջացնում ոչ միայն ստեղծված իրավիճակը, այլև համալսարանի ղեկավարության պահվածքը։ Մինչ դասախոսական կազմը սպասում է հստակ արձագանքի և ինստիտուցիոնալ պաշտպանության, ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը շարունակում է պահպանել լռություն։

Համալսարանի ներսում արդեն բացահայտ խոսում են այն մասին, որ ղեկավարությունը փաստացի ինքնամեկուսացել է ստեղծված ճգնաժամից։ Դասախոսներից շատերը, մեր աղբյուրների փոխանցմամբ, իրենց լքված են զգում իրավապահ և հանրային ճնշումների դիմաց։

Մինչ այդ տեղեկություններ են շրջանառվում, որ ռեկտոր Գյուրջինյանը կրկին արտերկրյա կամ մասնավոր շրջագայության մեջ է և ֆիզիկապես ևս բացակայում է բուհից։ Ի դեպ, բուհի պրոռեկտոր Գևորգ Հակոբյանն էլ զբաղված է ՔՊ քարոզարշավով՝ բուկլետներ է բաժանում և ժամանակ չունի բուհի համար։

Բուհի ներսում տիրող լարվածությունը օրեցօր խորանում է։ Դասախոսական կազմի մի մասը խուսափում է հրապարակային խոսել՝ մտավախություն ունենալով, որ կարող է հայտնվել հաջորդ «թիրախային ցուցակում»։ Միևնույն ժամանակ, ուսանողների շրջանում ևս աճում է անվստահությունը համալսարանի կառավարման նկատմամբ։

Հանրային դաշտում ավելի ու ավելի բարձր է հնչում մեկ հարց՝ ինչո՞ւ է համալսարանի ղեկավարությունը լռում այն պահին, երբ բուհը հայտնվել է ծանր հեղինակային և կառավարման ճգնաժամի մեջ։

Եթե ռեկտորը իսկապես ունի ասելիք, ապա այժմ այն պահն է, երբ նա պարտավոր է խոսել՝ ոչ թե հերթական ուղևորությունից հետո, այլ հենց հիմա»։