Միասին կարող ենք
կարևոր
625 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-13 13:26
Հասարակություն

Քննարկվել է Շամուտ գյուղի Սբ Աստվածածին եկեղեցու պահպանության հարցը

Քննարկվել է Շամուտ գյուղի Սբ Աստվածածին եկեղեցու պահպանության հարցը

 

Նախօրեին տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի երկրորդ նիստը, որի ընթացքում, ի թիվս այլ հուշարձանների, քննարկվել է ՀՀ Լոռու մարզի Շամուտ գյուղի Սբ Աստվածածին (պետցուցիչ՝ 5.85.7) եկեղեցու պահպանության հարցը:

«Պատմամշակութային Ժառանգության Գիտահետազոտական Կենտրոն» ՊՈԱԿ-ից NEWS.am–ին հայտնում են, որ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը (Արմեն Ասատրյան, Արմեն Թոփլաղալցյան) Շամուտ գյուղում ուսումնասիրությունների ընթացքում պարզել է, որ 17-րդ դարում կառուցված Սբ Աստվածածին եկեղեցին չի պահպանվել, քանի որ, ըստ տեղացիների վկայության, 1920-ական թվականներին արդեն կիսավեր վիճակում էր և վերածվել է դպրոցի:

Ըստ արխիվային տեղեկությունների, 1947 թ. Շամուտ է այցելել հնագետ Հովսեփ Եղիազարյանը և գրել է. «Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է գյուղի մեջ, կառուցված է 17-րդ դարում, շուրջը տարածվում է հին գերեզմանոց՝ քանդակազարդ խաչքարերով: Թե՛ եկեղեցին և թե՛ գերեզմանոցը հիմնովին ավերակ վիճակում են» (ՀԱԱ, ֆ. 1063, ց. 1, գ. 1124, թ.74):

Հետագայում, 1968 թ. ապրիլի 24-ին, Ա. Ենգոյանը կազմել է Ս. Աստվածածին եկեղեցու վկայագիրը՝ հիմք ընդունելով Հ. Եղիազարյանի «Ալավերդու շրջանի հուշարձանները» (Երևան, 1952, էջ 51), աշխատությունը (ՀԱԱ, ֆ. 1063, ց. 1, գ. 1572, թ. 1-3):

Սբ Աստվածածին եկեղեցու տեղում խորհրդային տարիներին գործել է դպրոցը, որը ներկայումս ավերակ վիճակում է: Դպրոցի կանգուն մնացած պատերի մեջ դրված են մի շարք կոտրված խաչքարերի բեկորներ: Դպրոցական շենքի շարվածքում դրվել է խաչքարի մի մեծ հատված, թվագրված 13-րդ դարով, որն ունի վկայագիր (5.85.7.1.1): Այն կանգուն է եղել եկեղեցու շրջակա գերեզմանոցում, որը ևս ոչնչացված է: Եկեղեցու արևելյան մասում եղել է գյուղի ձիթհանը, որից պահպանվել են միայն երկու ձիթանաքարերը, որոնք ընկած են ճանապարհի եզրին:

Արմեն Սարգսյանը իր «Շամուտ» գրքում (Երևան, 2025) գրել է. «Շամուտի զանգը, որի ձայնը, ըստ մեծահասակների պատմածի, էդ դարաշրջանում ամենահզորն է եղել, եկեղեցին քանդելուց հետո ծառայել է դպրոցին» (էջ 248):