|
Փոխարժեքներ
12 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.62 |
| EUR | ⚊ | € 432.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.9787 |
| GBP | ⚊ | £ 498.82 |
| GEL | ⚊ | ₾ 137.73 |
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը փայլուն ելույթներ է շարունակում ունենալ Մ-17 Եվրոպայի առաջնությունում: Մրցաշարային հերթական օրը հայ ըմբիշները նվաճել են 4 մեդալ, իսկ ևս երկու մարզիկ դուրս է եկել եզրափակիչ՝ ապահովելով առնվազն արծաթե պարգև։
80 կգ քաշայինների պայքարում Վահե Հովեյանը հռչակվել է Եվրոպայի չեմպիոն: Եզրափակիչ գոտեմարտում հայ ըմբիշն ընդամենը 32 վայրկյանում փայլուն հաղթանակ է տարել հունգարացի Դոմինիկ Շիլագյիի նկատմամբ՝ կանգնելով պատվո հարթակի առաջին աստիճանին:
Զավեն Մեժլումյանը դարձել է առաջնության արծաթե մեդալակիր: Եզրափակչում մեր մարզիկը 3-6 հաշվով զիջել է Ասլան Ձուևին և գրավել երկրորդ հորիզոնականը:
55 կգ քաշային Գեղամ Եղիազարյանը նվաճել է բրոնզե մեդալ: Վճռորոշ գոտեմարտում հայ ըմբիշը 3-3 հաշվով (լրացուցիչ ցուցանիշներով) առավելության է հասել Կեվե Կովաչի նկատմամբ:
48 կգ քաշային Արարատ Ավետիսյանը ևս դարձել է ԵԱ-ի բրոնզե մեդալակիր։ Երրորդ տեղի համար գոտեմարտում Ավետիսյանը վստահ՝ 10-4 հաշվով հաղթել է Տիմուր Մախարամովին:
Եվս երկու հայ ըմբիշ վաղը կգոտեմարտի ոսկե մեդալի համար:
92 կգ քաշային Ալեքսան Շալջյանը կիսաեզրափակչում 6-0 հաշվով անպատասխան հաղթանակ է տոնել ադրբեջանցի Զոհրաբ Սաֆարովի նկատմամբ ու դուրս եկել եզրափակիչ:
71 կգ քաշային Ջանես Նազարյանն իր հերթին կիսաեզրափակչում ժամանակից շուտ տպավորիչ հաղթանակ է տարել իտալացի Նիկոլաս դե Գրեցիսի նկատմամբ:
Երկու ըմբիշներն էլ չեմպիոնության համար կպայքարեն վաղը կայանալիք գոտեմարտերում:
Աղբյուրը՝ Armsport