Միասին կարող ենք
կարևոր
763 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-09 10:41
Հասարակություն

Հեռու չէ Եռատոնը կրկին լիարժեք դարձնելու օրը՝ նաև մեր սերնդի մասնակցությամբ․ Ռուբինա Պետրոսյան

Հեռու չէ Եռատոնը կրկին լիարժեք դարձնելու օրը՝  նաև մեր սերնդի մասնակցությամբ․ Ռուբինա Պետրոսյան

Ռուբինա Պետրոսյանի գրառումը․

«Մինչև 2020-ի 44-օրյա պատերազմը մայիսի 9-ը ողջ հայության համար եռատոն հաղթանակների օր էր, Հպարտության օր. նշում էինք Հայրենական մեծ պատերազմում (1941-1945թթ.) նաև մեր ժողովրդի մասնակցությամբ տարած հաղթանակը և Արցախի ազատագրումը ադրբեջանական բռնատիրությունից (1994թ.), որի խորհրդանիշն էր Շուշի բերդաքաղաքի ազատագրումը 1992-ի մայիսի 9-ին:

Արդեն հինգ տարի է՝ մայիսի 9-ին մեր զգացմունքները միանշանակ չեն. հազարավոր հայորդիների կյանքի գնով ձեռքբերված արցախյան հաղթանակներից մնացել են միայն հուշերը, այդ հաղթանակները կերտած սերնդի նոսրացող շարքերը և Արցախի Հանրապետության՝ Բաքվի բանտերում պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարությունը: Բայց էլ ավելի ծանր է, երբ, այսպես կոչված, «խաղաղության օրակարգի» պատրանքով փորձ է արվում արժեզրկել մեր բոլոր հաղթանակները, խեղաթյուրել դրանց մասին տասնամյակներով ձևավորված պատկերացումները:

Մեզ բաժին է ընկել կրկնակի փորձություն հաղթահարելու առաքելությունը: Հեշտ չի լինելու, բայց հավատում եմ, որ հեռու չէ Եռատոնը կրկին լիարժեք դարձնելու օրը, և դա լինելու է նաև մեր սերնդի գործուն մասնակցությամբ:

Ուրեմն շնորհավոր մայիսյան Եռատոնը: