|
Փոխարժեքներ
07 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370 |
| EUR | ⚊ | € 436.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.934 |
| GBP | ⚊ | £ 504.57 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
Մեր ընթերցողն արդեն տեղյակ է, թե ԿԳՄՍ նախարարությունում 2025 թ․ հոկտեմբերի 20-ին ինչպես են աղավաղել–կեղծել դրամաշնորհային մրցույթներից մեկի արդյունքները։
Այդ մասին հանգամանալից ներկայացրել ենք 2026 թ․ հունվարի 12-ին՝ այսպիսի վերտառությամբ հրապարակված հոդվածում՝ «Օ՜, դուք, ոգու խեղճության սերմնացաններ չնչին․․․ Հիմա էլ դրամաշնորհային մրցո՞ւյթն եք այլայլում և կեղծում»։
Խոսքը 2026 թվականի ««1124․ Գրահրատարակչության և գրադարանների» ծրագրի «11003․ Ոչ պետական մամուլի հրատարակում» միջոցառման շրջանակում դրամաշնորհ ստացող իրավաբանական անձանց ցանկը հաստատելու մասին» ԿԳՄՍ նախարարության 2025 թ․ հոկտեմբերի 20-ի N 2476–Ա/2 հրամանի մասին է։
Նախարար Ժաննա Անդրեասյանը և նրա ոչ բարով տեղակալ Դանիել Դանիելյանը մինչև հիմա հոդաբաշխ բացատրություն չեն տվել, թե ինչո՞ւ են կեղծել մրցույթի արդյունքները և ինչի՞ հիման վրա են հաստատել 2026–ին դրամաշնորհ ստացող իրավաբանական անձանց ցանկը վերոնշյալ անվանակարգով։
Մենք ստիպված ենք եղել դիմել ՀՀ վարչական դատարան։
Դատարանը հայցադիմումն ընդունել է վարույթ։
Սակայն, Վարչական դատարանի ծանրաբեռնվածության պատճառով, նշված գործով դատական նիստը տեղի կունենա 2026 թ․ սեպտեմբերի 8-ին։
Բանն այն է մինչդեռ, որ 2026 թվականին առնչվող դրամաշնորհի վերաբերյալ նախարարի ապօրինի հրամանի հարցը սեպտեմբեր ամսին քննարկելով, անգամ հայցը բավարարելու պարագայում, չենք կարող նախորդ ամիսների բաց թողածը լրացնել և՛ ժամանակի, և՛ ստեղծագործական ու զուտ ֆիզիկական աշխատանքի առումով։
Ուստի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրությունն ենք հրավիրում խնդրո առարկայի վրա՝ ակնկալելով նրա պաշտոնեական միջամտությունը Ժաննա Անդրեասյանի և Դանիել Դանիելյանի վերոնշյալ ապօրինության հետևանքների վերացման գործում։
Ելնելով դրանից՝ հարկ ենք համարում վերստին հիշել–հիշեցնել տեղի ունեցածի համառոտ բովանդակությունը։
Եվ այսպես՝ ԿԳՄՍ նախարարությունը 2025 թ․ հունիսի 30-ին տարածել է հայտարարություն ««1124․ Գրահրատարակչության և գրադարանների» ծրագրի «11003․ Ոչ պետական մամուլի հրատարակում» միջոցառման 2026 թ․ դրամաշնորհ ստացող իրավաբանական անձանց ցանկի ձևավորման համար անցկացվող մրցույթի մասին»։
Հայտարարությամբ մրցույթի մեկնարկի օր է սահմանվել 2025 թ․ հունիսի 30-ը, հայտերի ներկայացման վերջնաժամկետ՝ 2025 թ․ հուլիսի 31-ը։
Ըստ մրցութային հայտարարության՝ «Դրամաշնորհ տրվելու է ոչ պետական մամուլի հետևյալ խմբերի նախագծերին՝
ա) Ազգային փոքրամասնությունների տպագիր և էլեկտրոնային պարբերականներ, մշակութային տպագիր և էլեկտրոնային պարբերականներ (այդ թվում՝ մանկապատանեկան),
բ) Գրական տպագիր և էլեկտրոնային պարբերականներ (այդ թվում՝ մանկապատանեկան)»։
«Սյունյաց երկիր. մշակութային» եռամսյա հանդեսի 2026 թ․ բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով՝ լրատվամիջոցի հիմնադիր «Սյունյաց աշխարհ» ՍՊ ընկերությունը, նախորդ տարիների օրինակով, մասնակցել է հայտարարված մրցույթին։
Անհրաժեշտ հայտը՝ պահանջվող բոլոր փաստաթղթերով, ԿԳՄՍ նախարարություն է ներկայացվել 2025 թ․ հուլիսի 9-ին։
Հուլիսի 12-ին ստացվել է պատասխան առ այն, որ հայտն ընդունվել է։
Մինչև մրցույթի արդյունքների ամփոփումը՝ հավելյալ փաստաթուղթ կամ այլ տեղեկություն չի պահանջվել հայտատուից, ինչը ենթադրել է տալիս, որ մրցութային փաթեթը լիարժեք է եղել ու ամբողջական։
***
Մրցույթի արդյունքներին անդրադառնալուց առաջ համառոտ ներկայացնենք՝ ի՞նչ ասել է «Սյունյաց երկիր․ մշակութային» եռամսյա հանդես։
Հիմնադրվել է 2021 թվականին։
Ի սկզբանե նպատակ է դրվել լուսաբանել, հանրայնացնել Սյունիքի մարզի հոգևոր–մշակութային իրադարձությունները և արժեքները, վեր հանել և հանրայնացնել երկրամասի հոգևոր–մշակութային ժառանգությունը։
Հինգ տարվա ընթացքում հրատարակվել է 20 համար։
Հանդեսի յուրաքանչյուր համար ունեցել է կոնկրետ թեմատիկ ուղղվածություն։
Լուսաբանված թեմաներն ունեն սկզբնաղբյուրային, հանրագիտարանային նշանակություն, քանզի պատմության մեջ առաջին անգամ են դրանք ի մի բերվել, ընդհանրացվել և ներկայացվել ընթերցողին։
Հանդեսի բնականոն գործունեության համար տարեկան պահանջվող մոտ 10 մլն դրամի մեկ երրորդ մասը (լավագույն դեպքում)՝ դրամաշնորհային ծրագրի շրջանակում, տրամադրել է ԿԳՄՍ նախարարությունը, ծախսերի մնացած մասը հոգացել է խմբագրությունը։
Հանդեսի համարներից յուրաքանչյուրը մեծ արձագանք է գտել ոչ միայն Սյունիքում, այլև հանրապետության հայագիտական շրջանակներում, հատկապես գիտական հանրույթի այն փաղանգում, որտեղ հետաքրքրված են Սյունիքի պատմությամբ և Սյունիքի մշակույթով։
Հանդեսի համարներից յուրաքանչյուրի վերաբերյալ մայրաքաղաքային մամուլում հրապարակվել են դրվատանք պարունակող բազմաթիվ հոդվածներ։
Նույնիսկ այն դեպքերում, երբ մայրաքաղաքային լրատվամիջոցները փորձել են լուսաբանել ԿԳՄՍ նախարարության գործունեությունը ոչ պետական մամուլին տրվող դրամաշնորհների ոլորտում, առաջին հերթին մատնանշել են «Սյունյաց երկիր․ մշակութային» հանդեսի դրական օրինակը։
Հանդեսի թողարկումներն այնքան բարձրորակ են եղել, որ 2024 թվականին՝ Ակսել Բակունցի 125–ամյակի կապակցությամբ անցկացվող հոբելյանական միջոցառումների շրջանակում նախատեսված թերթային հատուկ համարի հրատարակումը պատվիրել են մեր լրատվամիջոցին։
Մի խոսքով՝ հանդեսն իր տեսակի մեջ եզակի ու բացառիկ է եղել և կմնա այդպիսին՝ անկախ Ժաննայի ու Դանիելի քմահաճույքներից:
Սակայն․․․
***
2025 թ․ նոյեմբերի 6-ին ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջից հայտնի է դարձել, որ 2025 թ. հոկտեմբերի 20-ին նախարար Ժաննա Անդրեասյանը ստորագրել է N 2476-Ա/2 հրամանը՝ «2026 թվականի «1124. Գրահրատարակչության և գրադարանների» ծրագրի «11003․ Ոչ պետական մամուլի հրատարակում» միջոցառման շրջանակում դրամաշնորհ ստացող իրավաբանական անձանց ցանկը հաստատելու մասին»։
Հրամանին կցվել է Հավելված 1-ը՝ 2026-ին դրամաշնորհ ստացող իրավաբանական անձանց ցանկը, որում ընդգրկված չի եղել «Սյունյաց աշխարհ» ՍՊ ընկերությունը, որ հիմնադիրն է «Սյունյաց երկիր․ մշակութային» հանդեսի։
Ընդ որում՝ ցանկում ընդգրկվել են նախորդ տարվա բոլոր կազմակերպությունները՝ բացի «Սյունյաց աշխարհ» ՍՊ ընկերությունից։
Ավելին՝ պաշտոնական որևէ պատճառաբանություն չի ներկայացվել, թե ինչու է «Սյունյաց աշխարհ» ՍՊԸ–ի նախագիծը մերժվել։
ԿԳՄՍ նախարարությունը չի պատճառաբանել, թե ինչու են բախտորոշ ժամանակներ ապրող Սյունիքի մշակութային բացառիկ և նախադեպը չունեցող հանդեսն անտեսում՝ պետական միջոցները տրամադրելով մայրաքաղաքային ինչ-որ հկ–ների, որոնց հիմնադիրները կամ սեփականատերերը, ինչպես և առաքելությունը պատշաճ կարգով ներկայացված չեն մրցույթի արդյունքներով։
ԿԳՄՍ նախարարի խնդրո առարկա հրամանը Սյունիքում ընկալվել և ընկալվում է որպես խոսքի ազատության դեմ գրոհ, որպես մեր երկրամասի բազմադարյա հոգևոր–մշակութային արժեքների հայտնաբերումը, վերհանումն և հանրայնացումը խափանելուն ակնհայտորեն միտված հակապետական ու հակաազգային քայլ։
***
Հիմա՝ նախարարի հրամանի իրավական հիմքերի բացակայության մասին…
Նախարար Ժաննա Անդրեասյանն ու նրա ոչ բարով տեղակալ Դանիել Դանիելյանը, ինչպես և տվյալ դրամաշնորհ ստացող իրավաբանական անձանց ցանկի ձևավորման համար ստեղծված Մասնագիտական խորհուրդը խախտել են ԿԳՄՍ նախարարի 2025 թ․ հունիսի 23-ի N 1444-Ա/2 հրամանով հաստատված կարգը և սահմանված ձևով չեն ամփոփել մրցույթի արդյունքներն ու 2026 թվականին դրամաշնորհ ստացող իրավաբանական անձանց ցանկը ձևավորել են մրցույթի պայմաններն ու չափորոշիչներն անտեսելով, նաև (ինչպես հետագայում պարզ դարձավ) քմահաճորեն, մրցույթի մասնակիցների միջև խտրություն դնելով, ծանոթ–բարեկամների կամ անձնական շահերի գործոնը գլխավոր չափանիշ դարձնելով։
Նախարարությունը, հակառակ մեր դիմումների, չի ներկայացրել այն չափորոշիչները, որի համաձայն Մասնագիտական խորհրդի անդամները գնահատել են հայտերը, եթե (իհարկե) հայտերի գնահատում է կատարվել, եթե (իհարկե) Մասնագիտական խորհրդի անդամների կարծիքներին նշանակություն տվող է եղել։
Մրցույթի արդյունքներն ամփոփելիս, ըստ նախարարությունից ստացված տեղեկության, նախարարն ու տեղակալ Դանիելը չեն ունեցել Մասնագիտական խորհրդի անդամների լրացրած գնահատման թերթիկները, Մասնագիտական խորհրդի որոշումն ու ցանկը կազմել են սեփական հայեցողությամբ՝ երկուսով։
Եվ գնահատման թերթիկները (հետին թվով) լրացվել են ոչ թե նախագծերի բովանդակությունը հաշվի առնելով, այլ նախարարի ու տեղակալի կողմից մրցույթի արդյունքներն ամփոփելուց ու Մասնագիտական խորհրդին պատվեր իջեցնելուց և սուտ որոշում թղթին հանձնելուց հետո։
Թեև, Կարգի համաձայն, նախարարն իրավունք ուներ (Մասնագիտական խորհրդի որոշումն ստանալուց հետո) հաստատել կամ մերժել խորհրդի որոշումը, բայց․․․
Նախարարն այդպես էլ չի պարզաբանում՝ արդյո՞ք Մասնագիտական խորհրդին չի բավարարել մեր հայտը, թե՞ ինքն է (մեր մասով) մերժել նախագիծը։
Եվ եթե մերժել են նախագիծը (ինքը կամ Մասնագիտական խորհուրդը), ապա ինչո՞ւ։
Եվ եթե ընդունել են մյուսների նախագծերը, ապա ի՞նչ առավելություն են ունեցել դրանք՝ մեր նախագծի համեմատությամբ։
Ավելին, նախարարությունը չունի կամ թաքցնում է կանոնակարգը, որի համաձայն Մասնագիտական խորհուրդը պետք է գնահատումներ կատարեր և որոշում ընդուներ։
Մշակույթի հետ կապ չունեցող Դանիել Դանիելյանի գլխավորած Մասնագիտական խորհրդին, որի բոլոր անդամները (վեց հոգի) ԿԳՄՍ նախարարության ենթակա աշխատողներ են, չէր էլ կարող լուրջ նշանակություն տալ մշակույթից ի սկզբանե օտարված Ժաննա Անդրեասյանը, ինչի արդյունքում էլ մասնագիտական գնահատական չի տրվել մեր նախագծին:
***
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի վերոնշյալ հրամանի օրինականությունը պարզելու համար, ինչպես նշեցինք, դիմել ենք ՀՀ վարչական դատարան, որն էլ հայցադիմումը վարույթ է ընդունել։
Բայց քանի որ դատական նիստը կայանալու է աշնանը, անկախ Դատարանի կողմից ընդունվելիք որոշումից, խնդիրներ են առաջացել «Սյունյաց երկիր․ մշակութային» հանդեսի գործունեության ճանապարհին։
Ուստի և ստեղծված վիճակի վրա ենք հրավիրում ՀՀ վարչապետի ուշադրությունը՝ ի պաշտոնե այդ կամայականությանն անդրադառնալու ակնկալիքով:
Հ․Գ․
Սյունիքի մշակութային անցյալն ու ներկան արտացոլող բացառիկ հանդեսին տրվելիք պետական չնչին միջոցը Ժաննա Անդրեասյանը (առանց հիմնավորումների) զրոյացնում է, բայց իր քրոջ տնօրինած ՍՊԸ–ին տրամադրում է 76 մլն դրամ՝ մեկ անձից գնումներ կատարելու համար։
Կամ՝ ԿԳՄՍ նախարարը 10 դրամաշնորհ է շռայլում իշխանական պատգամավորի ամուսնու ղեկավարած հիմնադրամին՝ 204 մլն դրամի չափով:
Իսկ Սյունիքի մշակութային հանդեսին 1-ից 3 մլն դրամ տրամադրելը… բացառում են՝ չնշելով գոնե մեկ պատճառ:
Ինչպե՞ս հասկանալ։
Պարոն վարչապետ, իսկապե՞ս այդ ամենը կատարվում է առանց Ձեզ տեղյակ պահելու կամ առանց Ձեր կարգադրության։
Կամ՝ մի՞թե այսպես ենք մեր պետական կամ արժեքային վարքագիծը մոտեցնում Եվրոպական ստանդարտներին, ինչի մասին լսում էինք երկու օր շարունակ…
Աղբյուրը՝ syuniacyerkir.am