|
Փոխարժեքներ
22 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.38 |
| EUR | ⚊ | € 437.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.9558 |
| GBP | ⚊ | £ 503.38 |
| GEL | ⚊ | ₾ 138.46 |
Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը միջազգային համաժողովի շրջանակում հանդիպել է Թուրքիայի նախկին նախագահ Գյուլի հետ: Թե ինչով է պայմանավորված եղել հանդիպումը, չի նշվում: Այս մասին գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։
«Բացառված չէ, որ Երեւանը փորձում է Գյուլին համոզել, որ վերջիինս օգնի հայ-թուրքական հարցում Անկարայի որոշակի քայլերի: Համենայն դեպս, հատկանշական է, որ ԱԺ նախագահն էլ զուգահեռ հայտարարում է, թե Ադրբեջանն է խանգարում հայ-թուրքական գործընթացին:
Ստացվում է՝ Ադրբեջանը խանգարում է, իսկ Գյուլը կօգնի՞: Սակայն Գրիգորյան-Գյուլ հանդիպման հանգամանքը ունի մեկ այլ խորհրդանշականություն: Գրիգորյանը այն մարդկանց շարքում էր, որոնք քննադատում էին Սերժ Սարգսյանին, երբ նա 2008 թվականին սկսեց հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտությունն ու Գյուլին հրավիրեց Հայաստան: Այդ քննադատության առիթներից մեկն էլ այն էր, որ Սերժ Սարգսյանը Գյուլին Երեւանում խնդրել էր աջակցել արցախյան խաղաղ կարգավորմանը:
Դե, Արմեն Գրիգորյանն այն ժամանակ «հող հանձնողին հանձնենք հողին»-ական էր: Ընդամենը երկու-երեք օր առաջ էլ Գրիգորյանը իրազեկել էր հանրությանը, թե վերջապես հրատարակել է հեղափոխության մասին իր գիրքը, որը՝ իր իսկ խոսքով, «Սերժին մերժելու» պրոցեսի անձնական փորձառության մասին է:
Փաստորեն, «Սերժին մերժելուց» մինչեւ Գյուլին «ընդունելը» մեկ քայլ է:
Հարկ է նկատել, որ Գյուլն ու Էրդողանը լինելով դաշնակիցներ, հետագայում այսպես ասած հայտնվեցին հակադիր պատկերացումների դաշտում: Էրդողանը բնականաբար սկսեց կենտրոնացնել իշխանությունը իր ձեռքում, իսկ Գյուլը մնաց դուրս եւ անկարող եղավ առաջ տանել առավել ապակենտրոն համակարգի իր պատկերացումը:
Այս իմաստով իհարկե առավել ուշագրավ է, թե ո՞րն է Գյուլի հետ Գրիգորյանի հանդիպման իմաստը: Դեմա՞րշ է Էրդողանի դեմ: Եթե այո, ապա չե՞ն վախենում: Չէ՞ որ հենց իրենք են հանրությանը վախեցնում պատերազմով:
Թե՞ Հայաստանի իշխանությունը վախենում է Ալիեւից, բայց ոչ Էրդողանից: Բոլոր դեպքերում, Գրիգորյան-Գյուլ այդ հանդիպումը, որ կայացել է Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակում, ուշագրավ է հատկապես այն ֆոնին, որ Երեւանը փաստորեն վարչապետ եւ ԱԳ նախարարի մակարդակով «արհամարեց» Անթալիայի դիվանագիտական ֆորումը, այնտեղ չկար անգամ հայ-թուրքական կարգավորման գործընթացի հատուկ բանագնաց Ռուբինյանը, եւ Երեւանը ներկայացված էր լոկ փոխարտգործնախարար Կոստանյանի մակարդակով:
Երեւանի ու Անկարայի միջեւ «սեւ կատու՞» է անցել»,-գրել է նա։