|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.81 |
| EUR | ⚊ | € 440.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.8999 |
| GBP | ⚊ | £ 505.58 |
| GEL | ⚊ | ₾ 138.96 |
Հայաստանի խորհրդարանը հաստատել է օրենսդրական փոփոխություններ, որոնք էապես սահմանափակում են հեռուստատեսությամբ արտասահմանյան աղբյուրների այն նյութերի տարածումը, որոնք կարող են դիտարկվել որպես միջամտություն երկրի ներքաղաքական կյանքին։ Իշխանությունները հայտարարում են, որ փոփոխությունները միտված են պաշտպանելու պետությունը քարոզչական և ապակայունացնող ազդեցություններից, սակայն հանրային դաշտում դրանք արդեն ընկալվում են որպես գրաքննության նոր փուլ։
Փոփոխություններով արգելվում է այնպիսի բովանդակության հեռարձակումը, որը կարող է մեկնաբանվել որպես սահմանադրական կարգի բռնի տապալման կոչ, պատերազմի, բռնության և դաժանության քարոզ կամ նմանատիպ նպատակներ հետապնդող նյութ։ Միաժամանակ սահմանվում են խիստ պատժամիջոցներ՝ մինչև ցանցային օպերատորների լիցենզիայի կասեցում կամ ուժը կորցրած ճանաչում։
Այս որոշումների ընդունման օրը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գրավոր նախազգուշացում է տվել «Կենտրոն» հեռուստաընկերությանը։ Դա ավելի է ուժեղացրել այն գնահատականները, թե մեդիա ոլորտում սկսվել է հերթական խստացման փուլ, որի թիրախում կարող են հայտնվել այն հեռարձակողները, որոնք չեն գործում իշխանության համար հարմար շրջանակներում։
Քաղաքական դիտորդների մի մասի գնահատմամբ՝ նման փոփոխությունները մեծացնում են ընտրովի կիրառման վտանգը։ Երբ «միջամտություն» կամ «վնասակար ազդեցություն» հասկացությունները չունեն հստակ սահմանազատում, դրանք կարող են օգտագործվել ոչ միայն վտանգավոր բովանդակության դեմ, այլև իշխանության համար անցանկալի տեղեկատվությունը հեռացնելու նպատակով։