Միասին կարող ենք
կարևոր
970 դիտում, 2 ժամ առաջ - 2026-04-17 18:38
Հասարակություն

ՄԻԵԴ-ը «Էլեկտրիկ Երևանի» գործով ՀՀ-ի դեմ վճիռ է կայացրել․ 3 անձի ազատության իրավունք խախտվել է․ «Հետք»

ՄԻԵԴ-ը «Էլեկտրիկ Երևանի» գործով ՀՀ-ի դեմ վճիռ է կայացրել․ 3 անձի ազատության իրավունք խախտվել է․ «Հետք»

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) երեկ՝ 2026թ․ ապրիլի 16-ին, Հայաստանի դեմ վճիռ է կայացրել։ Արձանագրվել է Դավիթ Սելիմյանի, Տարոն Սիմոնյանի և Արինե Սուքիասյանի ազատության իրավունքի խախտումը։ ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է 6750 եվրո փոխհատուցել՝ յուրաքանչյուրին 2000 եվրո ոչ նյութական վնասի, 250 եվրո՝ դատական ծախսերի համար։ Այս մասին գրում է «Հետք»-ը։

Դիմողներն առանձին գանգատներ են ներկայացրել, սակայն, ՄԻԵԴ-ը, հաշվի առնելով բարձրացված հարցերի նմանությունը, միավորել է դրանք և կայացրել մեկ որոշում՝ արձանագրելով Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում:

Գործը վերաբերում է 2015թ. հունիսին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ իրականացվող բողոքի հավաքի ընթացքում տեղի ունեցած դեպքերին։ Այդ օրը Դ․ Սելիմյանին և բողոքի ակցիայի այլ մասնակիցների, Բաղրամյան պողոտայից բռնությամբ տեղափոխել են ոստիկանության բաժին և այնտեղ ապօրինաբար պահել մոտ 10 ժամ։

2015թ․ մայիսի 8-ին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն (ՀԷՑ) դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով ավելացնելու համար։ Հանձնաժողովը հունիսի 17-ին թույլատրել է սակագինը բարձրացնել 6,93 դրամով, որն ուժի մեջ էր մտնելու 2015թ․ օգոստոսի 1-ից։ Հունիսի 19-ից Երևանի Ազատության հրապարակում քաղաքացիական նախաձեռնությամբ կազմակերպվել են բողոքի ցույցեր՝ «Ո՛չ թալանին» կարգախոսով: Ցուցարարները 72 ժամ էին տվել իշխանություններին՝ սակագնի որոշումը կասեցնելու համար։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։