Միասին կարող ենք
կարևոր
1120 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-16 20:22
Քաղաքական

Եթե Հայաստանի քաղաքական իրավիճակը չփոխվի, շրջապատված կլինենք ադրբեջանցի ոստիկաններով. Բենիամին Մաթևոսյան

Եթե Հայաստանի քաղաքական իրավիճակը չփոխվի, շրջապատված կլինենք ադրբեջանցի ոստիկաններով. Բենիամին Մաթևոսյան

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով.

«Ներողություն եմ խնդրում, ավելին՝ я тысячекратно извиняюсь, որ այս տեսանյութը նկարաճանում եմ ոչ թե Լարնակայից, այլ Երևանից։ Իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը կրկին մոլորեցրել էր մեզ. Լարնակա մեկնելու համար բոլորովին էլ 900 դրամը բավարար չէր։ Նախ՝ Wizz Air-ի տոմսերն այլևս այդ արժեքը չունեն (պետք է հասկանալ՝ ավիաընկերությունը ՔՊ-ի նախընտրական քարոզարշա՞վն էր ֆինանսավորում, թե՞ այլ պատճառ կար, որ նման գին էր հայտարարվում)։ Բացի այդ, առկա են վիզայի, վիզաների կենտրոնի և հյուրանոցի ծախսերը։ Այդ պատճառով այժմ ստիպված ենք տեսանյութը ձայնագրել Երևանից, որը, ի դեպ, ոչնչով չի զիջում Լարնակային։

Սակայն այժմ կցանկանայի խոսել մեկ այլ՝ ավելի կարևոր թեմայի մասին։ 2001 թվականի ապրիլի 16-ին՝ նախագահ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին, ընդունվեց «Ոստիկանության մասին» օրենքը, և այդ օրվանից ի վեր այս ամսաթիվը նշվում է որպես Ոստիկանի օր։ Այսօր Նիկոլ Փաշինյանը նույնպես այցելել էր Ներքին գործերի նախարարություն։ Նրան դիտելիս հիշեցի 2021 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ տարածված այն տեսանյութը, որտեղ ճանապարհային ոստիկանը կանգնեցնում է քաղաքացուն, և պարզվում է, որ ոստիկանը ադրբեջանցի է։

Այժմ՝ ընտրություններից հինգ տարի անց, մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ 2021 թվականի այդ կադրերն ավելի քան իրատեսական են թվում։ Ավելին, այդ ամենն արդեն նյութականացվում է։ Ադրբեջանում շարունակվում են «Արևմտյան Ադրբեջանի» թեմայով միջոցառումները, ֆինանսավորվում են տարբեր մշակութային նախագծեր, որոնք փորձում են հիմնավորել, թե Երևանը հինավուրց ադրբեջանական քաղաք է։ Հենց Ոստիկանի օրը պետք է արձանագրել. եթե Հայաստանի քաղաքական իրավիճակը չփոխվի, ապա 2021 թվականի այդ տեսանյութի իրականությունը կդառնա մեր առօրյան, և մենք շրջապատված կլինենք ադրբեջանցի ոստիկաններով։ Դա է հուշում նաև տրամաբանությունը. եթե տարածքը համարվում է «Արևմտյան Ադրբեջան», ապա այնտեղ պետք է լինեն հենց ադրբեջանցի ոստիկաններ։

Առանձնակի ռիսկեր կան նաև «TRIPP» նախագծի վերաբերյալ։ Ադրբեջանը փաստացի պարտադրեց այս նախագծի կյանքի կոչումը, և նրանք կարող են պարտադրել նաև, որ անվտանգությունն այդ շրջանակներում ապահովի հենց այն նույն ադրբեջանցին, որին տեսել էինք 2021 թվականի տեսանյութում։ Իսկ թե ինչպես են նրանք «անվտանգություն ապահովում», հիշում ենք Լաչինի միջանցքի շրջափակման օրերից, երբ ադրբեջանցին քերթում էր Արցախի դրոշը մարզիկների ավտոբուսից։ Նույնը կարող է տեղի ունենալ նաև «Արևմտյան Ադրբեջանում»։

Մտածե՛ք այս մասին և եկեք վերհիշենք այդ տեսանյութերը՝ թարմացնելով մեր հիշողությունը»։

Տեսանյութն` այստեղ։