Միասին կարող ենք
կարևոր
517 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-11 20:40
Քաղաքական

«Փոփոխությունները գալի՛ս են․ սա խոստո՛ւմ է, և սա լինելո՛ւ է»․ Արամ Վարդևանյան

«Փոփոխությունները գալի՛ս են․ սա խոստո՛ւմ է, և սա լինելո՛ւ է»․ Արամ Վարդևանյան

«Օրենքի, արդարության և արդարադատության հենքը մարդասիրությունն է, օրենքը պետք է ծառայի բոլորին, իսկ իրավունքը՝ գերակայի բոլոր դեպքերում»: Այս մասին այսօր հրավիրված հանրահավաքի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արամ Վարդևանյանը։

«Դատարանները պետք է լինեն անկախ ու անվախ, դատաիրավական համակարգը պետք է պաշտպանի մարդուն, այլ ոչ թե պաշտպանի կոնկրետ իշխանություն։ Այս պատվիրաններից բխող արժեհամակարգն է մեր հասարակության մեջ պառակտման վերացման, մարդասիրության վերադարձի բանաձևը՝ ամբողջ սրտով, ամբողջ հոգով և ամբողջ մտքով՝ սերն առ Հայաստան, մեր բոլորի երազած ուժեղ Հայաստանը։ Այսօր առավել քան ակնհայտ է, որ թույլ և ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա սպառնալիք, որ մեր Հայաստանը հայտնվի աշխարհաքաղաքական բախման կիզակետում։ Ակնհայտ է, չէ՞, որ գերտերությունների խարդավանքների պայմաններում տարածաշրջանում մենք մեզ անվտանգ չենք զգա։ Մեզ պետք են բարեկամներ, ոչ թե նոր թշնամիներ։ Մեզ պետք են գործընկերներ, ոչ թե արհեստական հակառակորդներ։ Մեզ պետք է այնպիսի արտաքին քաղաքականություն, որը կարողանա խոսել տարածաշրջանի բոլոր երկրների հետ, ուժային բոլոր կենտրոնների հետ, բոլոր մայրաքաղաքների հետ՝ արժանապատվորեն, պրոֆեսիոնալ, խելացի և միայն Հայաստանի շահերից ելնելով։ Ուժեղ Հայաստանում վախի և քաղաքական հետապնդումները էջը փակվելու է»,– ասել է նա։