Միասին կարող ենք
կարևոր
1279 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-11 15:56
Հասարակություն

ՔԿ-ն հաստատեց՝ վթարի մասնակից ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի տրանսպորտային միջոցը ուղևորվելիս է եղել Լոռու մարզ՝ ծառայություն իրականացնելու

ՔԿ-ն հաստատեց՝ վթարի մասնակից ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի տրանսպորտային միջոցը ուղևորվելիս է եղել  Լոռու մարզ՝ ծառայություն իրականացնելու

ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանն, անդրադառնալով ոստիկանական գվարդիայի մասնակցությամբ ավտովթարին, գրել է․

«2026 թվականի ապրիլի 11-ին Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի «Հյունդայի» մակնիշի ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

Համացանցում շրջանառվում է ապատեղեկատվություն՝ իբր տեղի ունեցած վթարը ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ավտոբուսի մեղավորությամբ է եղել:

Սակայն, դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան հանդիպակաց գոտում բախվել է «Հյունդայի» մակնիշի ավտոբուսին:

Մյուս ապատեղեկատվությունը կապված է՝ ոստիկանության գվարդիայի ավտոբուսի՝ ՀՀ վարչապետի ավտոշարասյանն ուղեկցելու հետ, որը նույնպես չի համապատասխանում իրականությանը, քանի որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները նշված տրանսպորտային միջոցով ուղևորվել են Լոռու մարզ՝ ծառայություն իրականացնելու»։

ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանն էլ գրել է․

«Չնայած այսօր տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ ՆԳՆ-ն պատշաճ կերպով տարածել էր նախնական տեղեկատվություն՝ նշելով նաև, որ նախաձեռնվել է քրեական վարույթ, սակայն ԶԼՄ որոշ ներկայացուցիչներ ողբերգական պատահարն օգտագործելով, տարածել են կեղծ, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։

Ապատեղեկատվություն է, թե ՆԳՆ ոստիկանության ավտոբուսը ՀՀ վարչապետի ավտոշարասյանն է ուղեկցել։ Ապատեղեկատվություն է նաև, թե իբր տեղի ունեցած ՃՏՊ-ն ՆԳՆ ոստիկանության ավտոբուսի մեղավորությամբ է եղել: Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան հանդիպակաց գոտում բախվել է ՆԳՆ ոստիկանության ավտոբուսին:

Անթույլատրելի է՝ ինչ-ինչ նպատակների համար, ողբերգական պատահարի հանգամանքն օգտագործելով, տարածել ապատեղեկատվություն»։

Հիշեցնենք` ապրիլի 11-ին՝ ժամը 7։50-ի սահմաններում, Քուչակ-Ապարան ճանապարհին բախվել են «Նիսսան» մակնիշի մեքենան և ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ավտոբուսը։ Վթարի հետևանքով 1 մարդ մահացել է, 12-ը՝ տուժել։