Միասին կարող ենք
կարևոր
814 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-10 13:49
Հասարակություն

Այն ազգերը, որոնք մոռանում են պատմությունը՝ հերոսական ու ողբերգական էջերով, վտանգում են իրենց ապագան․ Դանիելյան

Այն ազգերը, որոնք մոռանում են պատմությունը՝ հերոսական ու ողբերգական էջերով, վտանգում են իրենց ապագան․ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը գրում է.

«Ապրիլի 10-ը Մարաղայի զոհերի հիշատակի օրն է։

1992 թվականի ապրիլի 10-ին, այնուհետև՝ ապրիլի 22-23-ին, Ադրբեջանի կանոնավոր բանակի ստորաբաժանումների կողմից Մարտակերտի շրջանի Մարաղա բնակավայրը ենթարկվեց հարձակման։

Ողբերգական այս իրադարձությունը, որին զոհ գնացին 100-ից ավելի հայեր, ցեղասպանություն է։ Ադրբեջանական բանակին միացած քաղաքացիական անձինք ավարտին հասցրին էթնիկ զտումը՝ ամենադաժան տանջանքների ենթարկելով կանանց, երեխաներին, ծերերին։

Մարդկանց տանջամահ անելուց և ողջակիզելուց հետո ադրբեջանցիները կողոպտեցին և հրկիզեցին գյուղը։

2022 թվականի մարտի 1-ին ԱԺ «Հայաստան» խմբակցությունը առաջարկ էր ներկայացրել «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու և նոր հիշատակի օր սահմանելու վերաբերյալ։

ՔՊ-ն մերժեց Մարաղայի ցեղասպանության օրացուցային հիշատակումը։

Զավեշտալի է, որ հայերին պարբերաբար էթնիկ զտման ենթարկած Ադրբեջանը ՄԱԿ-ից պահանջում է մարտի 31-ը հռչակել հայերի կողմից իրականացված ցեղասպանության օր։

Ցեղասպանությունից է խոսում մի պետություն, որը դեռևս 2 տարի առաջ շրջափակման ենթարկեց արցախցիներին՝ իրականացնելով էթնիկ զտում։

Անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ։ Այն ազգերը, որոնք մոռանում են պատմությունը՝ հերոսական ու ողբերգական էջերով, վտանգում են իրենց ապագան։

«Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես և հիշողության մեջ չես՝ հրեն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել»․ Հրանտ Մաթևոսյան։

Այս բոլոր իրադարձությունները, այդ թվում՝ 34 տարի առաջ Մարաղայում տեղի ունեցած ողբերգությունը, երբեք չպետք է ջնջվի մեր հավաքական հիշողությունից։

Խոնարհումս՝ Մարաղայի և բոլոր ժամանակների անմեղ զոհերի հիշատակին»։