Միասին կարող ենք
կարևոր
388 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-08 17:37
Հասարակություն

«Հայաստան» դաշինքը կվերականգնի Գյուղնախարարությունը, գյուղացին էժան գներով ձեռք կբերի պարարտանյութ, սերմնացու, վառելիք, կապահովագրվեն գյուղապրանքները․․․

Հայաստանին անհրաժեշտ է մրցունակ ու բարգավաճող գյուղատնտեսություն։ Այս մասին«Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի սոցիալ-տնտեսական բաժնի ներկայացման ժամանակ հայտարարեց պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նա հիշեցրեց, որ 1998 թվականին գյուղերում իրավիճակն ավելի վատ է եղել, քան քաղաքներում․ կոլտնտեսությունները քայքայվել էին, չկար ո՛չ տեխնիկա, ո՛չ սերմացուի ֆոնդ, սակայն ճիշտ քաղաքականության շնորհիվ գյուղը կարողացավ «շունչ քաշել»։

«Հիմա մենք 25 տարի հետ ենք գնացել։ Գրչի մի հարվածով գյուղատնտեսության նախարարությունը քանդվեց։ Մեր վարելահողերի կեսից ավելը չի մշակվում։ Դրա համար սենց հորթի հրճվանքով ասում են վա՜յ Ղազախստանից 4-րդ կարգի ցորեն ենք ներմուծել։ Սա երկար շարունակվել չի կարող», - ընդգծեց Արթուր Խաչատրյանը։  

Նրա խոսքով՝ դաշինքի քաղաքականությունն ուղղված է լինելու գյուղատնտեսության եկամտաբերության բարձրացմանը, պարենային անվտանգության ապահովմանը և գյուղում կյանքի որակի բարելավմանը։ «Չես կարող առանց կալոշների գյուղում քայել։ Անհրաժեշտ է, որ մարդիկ մնան գյուղում, ամրապնդեն մեր սահմանները», - նշել է պատգամավորը։

Նա նկատեց, որ այսօր հողակտորները հիմնականում փոքր են, ինչը թանկ ու բարդ է դարձնում դրանց մշակումը։

«Մենք խթանելու ենք կոոպերացիան և հողերի խոշորացումը՝ սեփականության իրավունքի պահպանմամբ»,- պարզաբանել է Խաչատրյանը՝ հավելելով, որ պետությունն աջակցելու է գյուղացիներին՝ բարձրարժեք սերմեր, տնկիներ ու տոհմային անասուններ ձեռք բերելու հարցում։ Քանի որ գյուղատնտեսությունը գիտատար ոլորտ է, գյուղացիներին կտրամադրվի նաև խորհրդատվական օգնություն։ Ծրագրով նախատեսվում է մինչև 15 միլիոն դրամի արտոնյալ՝ զրոյական տոկոսադրույքով վարկավորում, շուկայականից էժան վառելիք ու սերմացու, ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետ համակարգի ներդրում, ինչպես նաև իրացման ու արտահանման հարցերով աջակցություն։ Իսկ ռազմավարական նշանակության մթերքների համար կսահմանվի լավագույն գինը։

Արթուր Խաչատրյանն ընդգծեց, որ «Հայաստան» դաշինքը վերականգնելու է Գյուղատնտեսության նախարարությունը։

Շնորհանդեսի ամբողջական տեսագրությունը՝ այստեղ։