Միասին կարող ենք
կարևոր
1345 դիտում, 2 ժամ առաջ - 2026-04-07 14:48
Հասարակություն

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Ժաննա Անդրեասյանի մասով իրականացնում է ստուգում

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Ժաննա Անդրեասյանի մասով իրականացնում է ստուգում

Yerkir.am-ն ուսումնասիրել է ԿԳՍՄ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված հայտարարագրերը և նկատել է անհամապատասխանություններ:

Yerkir.am-ը հարցում է ուղարկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հետևյալ բովանդակությամբ՝

1. Ժ. Անդրեասյանը ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնից ազատվել է 2022 դեկտեմբերի 12-ին, իսկ դեկտեբերի 13-ին նշանակվել է ԿԳՄՍ նախարար: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ռեեստրում առկա չէ նախարարի տեղակալ Ժ. Անդրեասյանի՝ պաշտոնատար անձի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը, ինչպես նաև նախարար Ժ. Անդրեասյանի՝ պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը: 

2. Ժ. Անդրեասյանի դուստրը՝ Նանե Պետրոսի Ղազարյանը չափահաս դառնալուց հետո հայտարարագիր չի ներկայացրել: 

3. Ժ. Անդրեասյանը 2021 թվականից Հայկական պետական մանկավարժական համալսարան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, սակայն այդ տեղեկատվությունը բացակայում է հայտարարագրերի «Հայտարարատուի անդամակցությունը ոչ առևտրային կազմակերպություններին և դրանց կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում» բաժնում: 

4. Հայտարարագրերում որպես անշարժ գույք ներակայացված է 1 բնակարան Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, սակայն գույքահարկի վերաբերյալ հասանելի բազայում՝ Ժ. Անդրեասյանն ունի անշարժ գույք Ավան վարչական շրջանում՝ Ծարավ Աղբյուր փողոցում, ինչպես նաև համատեղ սեփականություն Հրազդան քաղաքի միկրոշրջանում: Վերջին 2 գույքերը ընդգրկված չեն հայտարարագրերում: 

Yerkir.am-ը խնդրել է հանձնաժողովին քննության առնել վերոնշյալ հանգամանքերը և տեղեկացնել:

1-ին կետի մասով հանձնաժողովը տեղեկացրել է, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, եթե հայտարարատու պաշտոնատար անձը իր լիազորությունների դադարից (դադարեցումից) հետո 30 օրվա ընթացքում նշանակվում (կամ ընտրվում) է սույն օրենքով հայտարարագրման պարտականություն նախատեսող պաշտոնում, ապա պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու և ստանձնելու հայտարարագիր չի ներկայացնում։

Մյուս կետերի մասով հանձնաժողովը նշել է, որ անհամապատասխանությունների առնչությամբ իրականացվում է հայտարարագրված տվյալների ստուգում, որի ընթացքում, ըստ անհրաժեշտության, պետական կամ այլ մարմիններից հարցումներ են կատարվում, ինչպես նաև հայտարարատուից հայցվում և ստացվում են պարզաբանումներ։