Միասին կարող ենք
կարևոր
640 դիտում, 2 ժամ առաջ - 2026-04-07 09:50
Հասարակություն

17 հաղորդումից մեկն է միայն ելք ունեցել այն էլ՝ նկատողություն. դատախազության ձախողումը. «Ժողովուրդ»

17 հաղորդումից մեկն է միայն ելք ունեցել այն էլ՝ նկատողություն. դատախազության ձախողումը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ դատախազության 2025 թվականի տարեկան հաղորդագրության մեջ ներառված տվյալները ցույց են տալիս, որ դատավորների նկատմամբ կարգապահական պատասխանատվություն նախաձեռնելու ուղղությամբ կատարված աշխատանքը, մեղմ ասած, տպավորիչ արդյունք չի տվել։

Ըստ հաղորդագրության՝ դատախազությունը 2025-ին Արդարադատության նախարարին ներկայացրել է 17 հաղորդում՝ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցով։ Թվով սա ավելի շատ է, քան 2024-ին ներկայացված 11 հաղորդումը։ Սակայն թվի աճը արդյունավետության աճ չի նշանակել։

17 հաղորդումից 8-ի դեպքում վարույթ հարուցելը մերժվել է, 3-ը դեռ քննարկման փուլում է, իսկ 6 հաղորդման հիման վրա հարուցված 6 կարգապահական վարույթից 5-ը հետագայում կարճվել են։ Ի վերջո, ամբողջ տարվա ընթացքում միայն 1 դեպքով է հարցը հասել Բարձրագույն դատական խորհուրդ, և դրա արդյունքով դատավորին հայտարարվել է ընդամենը «խիստ նկատողություն»։

Այսինքն՝ եթե դատախազության ներկայացրած 17 հաղորդումները դիտարկենք որպես դատական համակարգում կարգապահական խնդիրների վերաբերյալ ահազանգ, ապա դրանց ճնշող մեծամասնությունը որևէ իրական հետևանքի չի բերել։ Փաստացի, տարվա կտրվածքով արձանագրվել է մեկ կարգապահական վերջնական պատժամիջոց, այն էլ՝ ոչ թե լիազորությունների դադարեցում կամ ավելի ծանր պատասխանատվություն, այլ «խիստ նկատողություն»։

Սա արդեն հիմք է տալիս եզրակացնելու, որ դատախազության այս ուղղությամբ աշխատանքը եղել է առավելապես վիճակագրական, ոչ թե արդյունք տվող։ Երբ 17 հաղորդումից միայն մեկն է հանգեցնում կարգապահական պատասխանատվության, ակնհայտ է՝ կա՛մ ներկայացվող նյութերի որակն է խնդրահարույց, և դատախազությունն անարդյունավետ է գործել, կա՛մ ամբողջ մեխանիզմն է գործնականում անարդյունավետ. պարզապես վիճակագրության համար գործողություններ են արվել։ Փաստացի պետք է գնահատել անարդյունավետության աճ դատախազության համակարգում»։