Միասին կարող ենք
կարևոր
334 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-06 15:59
Իրավական

24-ամյա Սարգիս Զեյնալյանի սպանության գործով դատարանում ծեծկռտուքի գործով երեք անձ կալանավորվել է

24-ամյա Սարգիս Զեյնալյանի սպանության գործով դատարանում ծեծկռտուքի գործով երեք անձ կալանավորվել է

24-ամյա Սարգիս Զեյնալյանի սպանության գործով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստի ընթացքում ծեծկռտուքի գործով ձերբակալված 28 անձանցից մեղադրյալի կարգավիճակ ունի միայն 18-ը, երեք անձ կալանավորվել է։ ՀՀ քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ  քրեական վարույթի նախաքննության ընթացքում 18 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, մյուսների նկատմամբ՝ բացակայելու արգելքը: 

«Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել էր, որ Աբովյանում 24-ամյա Սարգիս Զեյնալյանի սպանության գործով մեղադրյալի աթոռին երկու եղբայրներ են։ Գործը քննվում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի վարույթում։ Դատարանը նախնական դատալսումների ընթացքում անփոփոխ է թողել Սոխրաբյանցների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը, իսկ նախօրեին դատական նիստի ընթացքում ծեծկռտուք է տեղի ունեցել՝ տուժող կողմի ներկայացուցիչների և մեղադրյալների միջև, անգամ կարգադրիչներ են տուժել։  Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանությունը) և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (մի խումբ անձանց կողմից առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), 28 անձ ձերբակալվել էր, որից միայն 18-ին է մեղադրանք ներկայացվել։   

24-ամյա երիտասարդի սպանության դեպքը, հիշեցնենք, տեղի է ունեցել 2025թ․ նոյեմբերի 10-ին՝ Աբովյան քաղաքում։  Համացանցում տարածված կադրերից երևում է, որ  երկու անձ հարձակվել են 24-ամյա Սարգիս Զեյնալյանի վրա և դանակի հարվածներ հասցրել, ինչի հետևանքով Զեյնալյանը սպանվել է։ Ընդ որում, դեպքը տեղի է ունեցել Աբովյանի կենտրոնական հատվածում՝ Հանրապետության - Օգոստոսի 23 փողոցների խաչմերուկում՝ կանգառասրահի մոտ։ Սպանված երիտասարդի հարազատները նշում են, որ ամիսներ առաջ՝ դեռևս Գինու փառատոնի օրը, Զեյնալյանի և սպանության մեջ մեղադրվող երիտասարդի մասնակցությամբ վեճ է եղել, ըստ հրապարակման, վիճաբանությունը ծագել էր, երբ սպանություն կատարող անձը

Գինու փառատոնի օրը հայհոյել է հավատացյալներին, ինչը վրդովմունք էր առաջացրել, Սարգիսը չէր լռել։ Նշենք, որ մամուլում առկա տեղեկությունների համաձայն՝ Սարգիս Զեյնալյանն Արտակ Զեյնալյանի ազգականն է։ Մեղադրյալի աթոռին երկու եղբայրներ են՝ 42-ամյա Աշոտ և 34-ամյա Բենիամին Սոխրաբյանցները։ Ըստ մեղադրանքի՝ Սոխրաբյանցները, Հայկ Սուքիասյանից տեղեկանալով, որ Սարգիս Զեյնալյանը գտնվում է Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի 20-րդ շենքի մոտ գտնվող կանգառի հետնամասում, գնացել են այդտեղ, որտեղ մոտեցել են այնտեղ կանգնած Սարգիս Զեյնալյանին և նրա հետ գտնվող Սլավիկ Թորոսյանին, փորձել են շեղել նրանց ուշադրությունը և հարվածներ հասցնել։ Մասնավորապես, Բենիամին Սոխրաբյանցը մոտեցել է նրանց, ձեռքով երկար բարևել և ներկայացել, որի ընթացքում, Աշոտ Սոխրաբյանցը, օգտվելով Սարգիս Զեյնալյանի և Սլավիկ Թորոսյանի կողմից իրեն ուշադրություն չդարձնելու հանգամանքից, գրպանից հանել է դանակը և դրանով առնվազն ութ անգամ հարվածել Սարգիս Զեյնալյանի կրծքավանդակի և որովայնի հատվածին, որի ընթացքում Բենիամին Սոխրաբյանցը, ցանկանալով չեզոքացնել Սարգիս Զեյնալյանի դիմադրությունը և հեշտացնել դրա կատարումը, տեսնելով առաջին հարված հասցնելը՝ բռնել է երիտասարդի պարանոցից, քաշել հետ՝ այդպիսով չեզոքացնելով Սարգիս Զեյնալյանի դիմադրությունը և Աշոտ Սոխրաբյանցին հնարավորություն տվել անխոչընդոտ հարվածել Սարգիս Զեյնալյանի կրծքավանդակի հատվածին, գցել գետնին և շարունակելով վերջինի դիմադրությունը չեզոքացնելուն ուղղված գործողությունները՝ բարձրանալու ընթացքում ոտքով հարվածել նրան, բացի այդ, մի կողմ է քաշել Սլավիկ Թորոսյանին՝ դեպքին չմիջամտելու և իրենց գործողությունները չխոչընդոտելու համար:

Այս ամենից հետո 24-ամյա երիտասարդը փորձել է խուսափել Աշոտ Սոխրաբյանցի հարվածներից և    վազելով գնացել է կանգառի դիմացի մաս, իսկ Աշոտ Սոխրաբյանցը գնացել է նրա հետևից և ևս չորս անգամ դանակով հարվածել Սարգիս Զեյնալյանի կենսական կարևոր օրգանների հատվածին։ Ստացած կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներից Սարգիս Զեյնալյանը մահացել է:

Բացի այդ, Աշոտ Սոխրաբյանցը 2025 թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում , Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի 20-1րդ շենքի մոտ գտնվող կանգառի հետնամասից հափշտակել է Սարգիս Զեյնալյանի մոտից գետնին ընկած՝ ինքնաշեն եղանակով սահմանափակ խոցելիության հրազենի ձևափոխված «BLOW TR 914 02 AUTO»  տեսակի 9մմ տրամաչափի ազդանշանակային ատրճանակը: Բենիամին Սոխրաբյանցը կանգառի հետնամասից հափշտակել է Սարգիս Զեյնալյանի մոտից գետնին ընկած՝ փամփշտատուփը և դրանում գտնվող սահմանափակ խոցելիության հրազենի համար նախատեսված, թվով 5 հատ 9 մմ տրամաչափի ռազմամթերք հանդիսացող փամփուշտները: Սոխրաբյանցների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։