|
Փոխարժեքներ
05 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.98 |
| EUR | ⚊ | € 435.22 |
| RUB | ⚊ | ₽ 4.6982 |
| GBP | ⚊ | £ 498.86 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն պատգամ է հղել Քրիստոսի Սուրբ Հարության տոնին.
«Նախընտրենք բարին ընդդեմ չարիքի, հաշտությունն ընդդեմ խառնակչության, ազնվությունը՝ ընդդեմ կեղծիքների ու խարդավանքների, փոխադարձ հարգանքը՝ ընդդեմ անպատվության ու նենգադավության։
Արցախյան ողբերգական պատերազմից տարիներ անց տակավին մտահոգությունները չեն լքում մեր սրտերը։ Մեր ժողովուրդը լավագույնս գիտի արժեքը խաղաղության ու անվտանգության, որի համար ազգիս զավակները վճարել են իրենց կյանքով։ Դեռ թարմ են մեր վերքերը, որոնց ցավն այսօր ավելի է խորանում արցախահայության իրավունքների ոտնահարումով, պատանդառված մեր հայրենակիցների ապօրինի ազատազրկմամբ։
Ցավը խորանում է, երբ շարունակվում է սերմանվել պառակտումի որոմը, երբ անտեսվում ու խեղաթյուրվում են նվիրական արժեքները, երբ գործադրվում է կամայական ու ընտրովի արդարադատություն, և կեղծ ու շինծու մեղադրանքներով իշխանությունների կողմից բռնաճնշումներ են իրականացվում եկեղեցու նկատմամբ։ Եկեղեցին Քրիստոսով անսասան է, հզոր և աներեր։
Մինչև չմերժենք չար գործերն ու կորստաբեր քայլերը, չենք կարող հաստատել զարթոնք ու ծաղկում, առաջադիմություն ու բարօրություն անձնական ու հասարակական կյանքում։
Գերադասենք սերը, համերաշխությունը, միասնությունը, որպեսզի համատեղ ջանքերով կարող լինենք վեր հառնել մեզ պատուհասած նեղություններից ու դժվարություններից, ամրապնդել մեր պետականությունը և կերտել ազգի առաջընթացն ու բարգավաճումը։ Միշտ հավատարիմ մնանք հարուցյալ մեր Տիրոջը»։