|
Փոխարժեքներ
06 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.98 |
| EUR | ⚊ | € 435.22 |
| RUB | ⚊ | ₽ 4.6982 |
| GBP | ⚊ | £ 498.86 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Կայունություն>> կուսակցության հայտարարությունը՝ 2026 թ. Համապետական ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը սատարելու մասին:
Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունն ապրում է իր բարդագույն ժամանակաշրջաններից մեկը: Պատերազմական ծանր հետևանքներ /զոհեր,վիրավորներ, գերիներ/ Արցախի հայաթափում, Հայրենիքի սահմանների անձեռնմխելիության ոտնահարում, ավանդական արժեքների ձևախեղում, որի հետևանքով թուլացել է Հայաստանի պաշտպանունակությունը, խաթարվել երկրի անվտանգային համակարգը: Խեղաթյուրվել է երկրի բարոյահոգեբանական դիմագիծը:Գլխիվայր շրջվել են հային ու Հայաստանին բնորոշ հատկանիշները: Հայրենասիրությունը, Արարատ, Արցախ բառերի օգտագործումը ներկայացվում են որպես պատերազմի հրահրման առիթներ:Իշխանությունները, շահարկելով ընձեռնված լծակներն ու հնարավորությունները /պետական հեռուստատեսություն, մամուլ, <<ներկուսակցական>> ու <<աշխատանքային>> հանդիպումներ/, առաջնորդվելով խմբակային շահերով, մոլորեցնում են հանրությանը, կերակրելով նրան ստի, վախի ու անորոշության ամենօրյա չափաբաժիններով: Սուտն, իրավամբ, դարձել է պետական քաղաքականություն: Անհրաժեշտության դեպքում սևը ներկայացվում է սպիտակ, սպիտակը՝ սև: Հայաստանի Հանրապետության գոյությունն ու խաղաղության առկայությունը հանրահռչակվել են որպես օրվա իշխանության <<բացառիկ>> ձեռքբերումներ:Ասես իրենցից առաջ Հայաստան ու Հայկական պետություն գոյություն չեն ունեցել:Իսկ խաղաղությունն էլ <<նոր>> երևույթ էր, որն իրենց շնորհիվ << սկսեց ծագել Արևելքից>>:
Վտանգավոր չափերի է հասել հասարակության պառակտումը:Անհանդուրժողականությունն ու ատելությունը հանրությանը քայքայում են ներսից:Այսպիսի մթնոլորտում ամենալավագույն ծրագրերն անգամ չեն կարող իրագործվել:Հայաստանի Հանրապետությանը հարկավոր է նոր միջավայրի ձևավորում, փոփոխությունների իրականացում բոլոր բնագավառներում, ներքին ու արտաքին քաղաքականության ոլորտում ՝ հավասարակշիռ կեցվածքի որդեգրում:
Այո՛, մեզ այսօր անհրաժեշտ են փոփոխություններ:
Օրվա իշխանությունները դա անել չեն կարող:Նրանք խճճվել են իրենց իսկ հյուսած անիրավության սարդոստայնի մեջ:Ժողովրդավարության քողի ներքո հաստատվել է կառավարման մենիշխանական ձևը, որի միջավայրում լիարժեքորեն չեն գործում իշխանության տարբեր թևերի գործառույթները՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:
Ստեղծված իրավիճակում, ցանկալի փոփոխությունների հասնելու համար, երկրին անհրաժեշտ են նոր մարդիկ ու քաղաքական նոր ուժեր, որոնք զերծ կմնան վերոնշյալ սխալներից ու գայթակղություններից:
Մեր դիտարկմամբ այդպիսի ուժ է իրենից ներկայացնում <<Ուժեղ Հայաստան>> կուսակցությունը Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ:Ուստի <<Կայունություն>>-ը, իրատեսորեն գնահատելով իրավիճակը,ելնելով ընդհանուր գաղափարների և մոտեցումների նույնությունից, ինչպես և ընտրողների ձայները չփոշիացնելու նկատառումից, հայտնում է իր աջակցությունը և սատարում է <<Ուժեղ Հայաստան>> կուսակցությանը իր ընտրապայքարում:
Հորդորում ենք <<Կայունություն>> կուսակցության անդամներին ու համակիրներին՝ կատարելով քաղաքացիական պարտքը՝ ակտիվորեն մասնակցել ընտրություններին և քվեարկել <<Ուժեղ Հայաստան>> կուսակցության ընտրացուցակի օգտին:
«Կայունություն» կուսակցության վարչության նախագահ՝ Ֆիրդուս Զաքարյան