Միասին կարող ենք
կարևոր
433 դիտում, 2 ժամ առաջ - 2026-04-03 14:01
Հասարակություն

Երբեք Հ1-ն այսքան հակահայկական չի եղել․ Փաշինյանի ֆանկլուբն է, կոնկրետ մարդիկ պատասխան են տալու․ Նինա Կարապետյանց

«Ակնհայտ է, որ Հ1-ը երբևիցե չի ծառայել իր նպատակներին, բոլոր ժամանակներում էլ օգտագործվել է ըստ քաղաքական նպատակահարմարության, բայց երբևիցե հակահայկական պրոյեկտները Հ1-ի եթերով այսպիսի մեծ աջակցություն ու սատարում չեն ունեցել»,-Գլխավոր դատախազության դիմաց կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Նժար» կուսակցության հիմնադիր, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։

Նա նշեց, որ Հ1-ի եթերով հիմնարար իրավունքները՝ խղճի ազատությունը, կրոնական կազմակերպությունների նկատմամբ վերաբերմունքը, երբեք չեն խախտվել։

 Նկատելով, որ խնդիրները շատ են՝ Կարապետյանցը բերեց հանրային եթերով ընդդիմադիրների խոսքի հնարավորությունների սահմանափակման օրինակը։

«Բազմաթիվ դեպքեր կան որ Հ1–ը չի ելնում պետության կողմից սահմանած օրենքներից և այն անում է անպատիժ՝ ընտրություններից առաջ։ Ակնհայտ է, որ  որևէ ընդդիմադիր ուժ այդ համակարգի մեջ լսելի տեսանելի լինելու հնարավորություն չի ունենալու»,-հայտնեց իրավապաշտպանը՝ նկատելով, որ Հանրային հեռուստատեսության եթեր են հրավիրվում միայն Նիկոլ Փաշինյանի մոլի երկրպագուներին, որոնք նրա հակապետական թեզերի տարածողներն են և հետագայում հայտնվում են ՔՊ-ի ընտրական ցուցակներում՝ «անկողմնակալ փորձագետների ցուցակում» ընդգրկվածի կարգավիճակով։

Նա նշեց, որ չեն սահմանափակվելու միայն գլխավոր դատախազություն դիմում տալով, քանի որ վստահ են, որ կա օրենքի խախտում և հույս էլ չեն կապում, որ իշխանությունները՝ գլխավոր դատախազը կարձագանքի։

«Բայց իրավական պրոցեսներ սկսելը շատ կարևոր է, որովհետև մենք իրավական պետություն ենք»,- հայտարարեց Նինա Կարապետյանցը՝ հավելելով. «Չի կարելի թույլ տալ, որ երկիրը լինի մի խմբակի տրամադրության տակ»։

Իրավապաշտպանը նկատեց, որ մեծաթիվ հետևորդներ ունեցող Հայ առաքելական եկեղեցու հետևորդների իրավունքներն էլ են խախտվում։