Միասին կարող ենք
կարևոր
1204 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-03 10:35
Հասարակություն

ԿԳՄՍ նախարարությունը պարտվել է դատարանում

ԿԳՄՍ նախարարությունը պարտվել է դատարանում

Yerkir.am-ը 2025թ. հոկտեմբեր ամսին տեղեկացրել էր, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը անակնկալ ձևով աշխատանքից ազատել է մասնագիտական կրթության և ուսուցման վարչության պետ Արմենուհի Պողոսյանին և մասնագիտական կրթության և ուսուցման համակարգման բաժնի պետ Կարեն Մանուկյանին:

Կարեն Մանուկյանը դիմել էր դատարան նախարարի հրամանն անվավեր ճանաչելու, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար մինչև նախկին աշխատանքում վերականգնելու պահը միջին աշխատավարձի չափով հատուցում վճարելուն, նախկին աշխատանքում վերականգնելու, իսկ անհնարինության դեպքում աշխատանքում չվերականգնելու դիմաց միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով հայցվորին հատուցում վճարելուն պարտավորեցնելու պահանջներով:

Այս տարվա փետրվարի 11-ին Երան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը վճռել է՝

1. Կարեն Մարատի Մանուկյանի հայցն ընդդեմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ կարգապահական տույժ կիրառելու և լիազորությունները դադարեցնելու մասին 10.10.2025 թվականի թիվ 203-Ա/1 հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը բռնագանձելու, իսկ վերականգման անհնարինության դեպքում՝ հատուցում բռնագանձելու պահանջների մասին, բավարարել:
1.1. Անվավեր ճանաչել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի 10.10.2025 թվականի «Կարեն Մարատի Մանուկյանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու և լիազորությունները դադարեցնելու մասին» թիվ 203-Ա/1 հրամանը։
1.2. Կարեն Մարատի Մանուկյանին վերականգնել իր նախկին պաշտոնում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագիտական կրթության և ուսուցման վարչության մասնագիտական կրթության և ուսուցման համակարգման բաժնի պետի պաշտոնում:
2. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հօգուտ Կարեն Մարատի Մանուկյանի բռնագանձել հատուցում՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար՝ սկսած 13.10.2025 թվականից մինչև սույն վճռի օրինական ուժի մեջ մտնելը:
3. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հօգուտ Կարեն Մարատի Մանուկյանի բռնագանձել 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:
4. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բռնագանձել 40.000 ՀՀ դրամ՝ որպես ոչ դրամական պահանջով վճարման ենթակա պետական տուրքի գումար:
5. Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել Վերաքննիչ քաղաքացիական դատարան վճռի հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:
6. Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով պարտապանի հաշվին։

Այսպիսով, ԿԳՄՍ նախարարությունն՝ ի դեմս  սանտեխնիկայի բնագավառում հայտնի մասնագետ տիկին Ժաննայի, դատարանում պարտվել է Կարեն Մանուկյանին: