|
Փոխարժեքներ
01 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.16 |
| EUR | ⚊ | € 432.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.6283 |
| GBP | ⚊ | £ 497.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.82 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2026 թվականի հերթական ընտրություններին ընդառաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հաստատման երկրորդ փուլի քվեարկությունը անցել է հետաքրքիր թվաբանական նրբություններով։
Շաբաթ-կիրակի կայացած քվեարկությանը 1080 պատվիրակներից, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, մասնակցել է 988 պատվիրակ։ Արդյունքում Նիկոլ Փաշինյանը ստացել է 933 ձայն՝ ամենաբարձր արդյունքը։
Թվերը, սակայն, ունեն նաև իրենց «միջտողային» պատմությունը․ 988 մասնակցած պատվիրակներից 55-ը փաստացի չեն «տեսել» Փաշինյանին վարչապետի թեկնածուի կարգավիճակում կամ պարզապես չեն կարողացել ճիշտ կողմնորոշվել ՔՊ-ական դեմքերով կազմված քվեաթերթիկում։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մոտ երեք տասնյակ ՔՊ-ականներ վարչապետի թեկնածուի անվան փոխարեն քվեաթերթիկներում գրել են այլ անուններ՝ օրինակ՝ Սուրեն Պապիկյան, Արարատ Միրզոյան, Տիգրան Ավինյան և այլք։
Այսպիսով, եթե հաշվենք սառը թվաբանությամբ՝ Փաշինյանը ստացել է 933 ձայն 988 մասնակցից, ինչը մոտ 94.4% է։ Իսկ մնացած 5.6%-ը կամ ստեղծագործաբար է մոտեցել քվեարկությանը, կամ փորձել է հիշեցնել, որ նույնիսկ ներքին ընտրություններում մրցակցությունը երբեմն հայտնվում է այնտեղ, որտեղ պաշտոնապես այն նախատեսված չէ։
Փաստորեն, ՔՊ ներսում վարչապետի թեկնածուի հարցը, ըստ թվերի, մեծ մասամբ լուծված է, բայց քվեաթերթիկների «ազատ ստեղծագործողների» շնորհիվ թեման ստացավ այլ ենթաշերտ․ որքանո՞վ է միակ թեկնածուի գաղափարը համադրելի բազմակարծության հետ, թեկուզ կուսակցության ներսում»։