Միասին կարող ենք
կարևոր
409 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-29 01:01
Քաղաքական

Մենք կարո՛ղ ենք այս ամենը փոխել, ընտրությունը ձե՛րն է․ Ռոբերտ Քոչարյանը՝ Հրազդանում

«Յուրաքանչյուր երկրի ու կառավարության համար թիվ մեկ հարցը անվտանգությունն է։ Եթե կա անվտանգություն, ուրեմն հնարավոր է տնտեսական ու սոցիալական ծրագրեր իրականացնել, եթե չկա անվտանգություն, ուրեմն երկիրը խրվում է խնդիրների մեջ, և բիզնեսն է երկրից փախչում»,- Կոտայքի մարզի քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։ Ըստ նրա՝ անվտանգությունը միայն բանակը չէ, բանակն ամենից կարևոր մասն է, բայց անվտանգությունը նաև ճիշտ քաղաքականությունն է, ռազմավարական դաշնակիցներ ունենալն է, անվտանգությունը նաև կանխատեսում անելն է և ճիշտ հաշվարկներով շարժվելը։

Ըստ ՀՀ երկրրոդ նախագահի՝  այս իշխանությունը կամ կանխատեսում չի կարողանում անել, կամ խաբում է․ «Մի դեպքում դու ուղղակի ընդունակ չես ճիշտ որոշումներ կայացնել և կանխատեսել, ինչը սպառնալիք է երկրի անվտանգության համար, մյուս կողմից դու սուտասան ես, դու սեփական ժողովրդին խաբել ես մի թղթով, որն իրավական ուժ չունի և հենց տեսնում ես, որ քո պլաններն իրականություն չեն դառնում, 180 տոկոսով փոխում ես և սկսում ես պատերազմով սպառնալ։ Ժողովրդական ասացվածք կա՝ ասում է՝ մարդ, որ տունը հավ է, դրսում աքլոր է կտրում։ Մենք ունենք հենց այս տարբերակը»։

Անդրադառնալով ԹՐԻՓՓ-ին՝ Ռոբերտ Քոչարյանն ասաց․ «ԹՐԻՓՓ-ի շուրջ մի այնպիսի աղմուկ հանեցին, թվում էր՝ միլիարդավոր դոլարներ կգան, երկիրը կծաղկի, աշխարհի խաչմերուկ կդառնա․ «նյու վասյուկիի» տարբերակն էր։ Մենք ասում էինք՝ ԱՄՆ-ն ընդհանրապես երևացող տնտեսական շահեր այս տարածաշրջանում չունի և տեսնում ենք, որ սա ավելի շատ կախված է Իրանի սահմանի հետ․ ՀՀ-ի 26 տոկոսն այդ ծրագրում ուղղակի խոսուն վկայությունն էր այդ մասին։ Անցել է 8 ամիս, հիմա ԹՐԻՓՓ-ից ո՞վ է խոսում, ոչ ոք։ Մեր կանխատեսումն իրականություն դարձավ։ Բայց ՀՀ-ում երևի արդուկն էլ միացնեիր, «խալադիլնիկն» էլ միացնեիր, ԹՐԻՓՓ-ից էին խոսում՝ որպես դարակազմիկ մի բան։ Մեր առաջարկն էր՝ մեծացնել այդ ծրագիրը, ներգրավել երկրներ, որոնց նկատմամբ Իրանը վստահություն ունի, և այդ ծրագրի հետ մենք խնդիր չենք ունենալու։ Կամ ուղղակի այդ 42 կմ տարածքը կառուցենք մեր սեփական միջոցներով, այլ ոչ թե տրամադրենք այլ երկրի մեր ամենամեծ տրանզիտային ներուժ ունեցող հողակտորը։ Կյանքը ցույց տվեց, որ այս իշխանությունը կամ կանխատեսում չի կարողանում անել կամ խաբում է։ Երկու դեպքում էլ ոնց ասում են՝ проф непригоден»։

Անդրադառնալով խաղաղության պայմանագրի նախաստորագրմանը՝ Ռոբերտ Քոչարյանն ասաց․ «Ինձ համար անհասկանալի երևույթ էր։ Խաղաղության մասին թեման դարձել է թոփ թեմա վերջին ութ ամիսներին։ Մենք ասում էինք երաշխավորված խաղաղության մասին, մենք ասում էինք խաղաղության մասին, որը կախված չէ Նիկոլից, ՔՊ-ականներից, Քոչարյանից, Թրամփից կամ մեկ ուրիշից, երաշխավորված խաղաղություն նշանակում է միջազգային մեխանիզմների կիրառում՝ Ալիևի կամքից դուրս։ Ի՞նչ է կատարվում հիմա՝ մեկ շաբաթ է՝ պարզվում է, որ այդ նախաստորագրված փաստաթուղթը փուչիկ է։ Նիկոլը, ՔՊ-ականները բոլոր արդուկներից խոսում են նրա մասին, որ սեպտեմբերին պատերազմ է լինելու, եթե ինքը չվերընտրվի։ Սա՞ է խաղաղությունը։ Ըստ էության իրենք յոթուկես ամիս մեր ժողովրդի գլուխն էին արդուկում խաղաղության մասին, հետո պարզվեց, որ այդ խաղաղությունն ուղիղ կապված է ընտրությունների հետ, իսկ խաղաղություն խախտողն անպայման լինելու է Ալիևը։ Սրա՞նք են ձեր փաստարկները։ Էս ի՞նչ խաղաղություն է, որը կապված է ընտրությունների արդյունքի հետ։ Յոթուկես ամիս բոլոր էլեկտրական սարքերից հնչող խաղաղության թեզը իրենք հիմա քանդում են 24-ժամյա ռեժիմով։ Հասկացել են, որ ընտրվելը դժվար է և պետք է վախ ներշնչել մեր ժողովրդի մեջ»։

Ըստ նրա՝ այս իշխանություններն անընդհատ ստում են․ «Մի քիչ դաստիարակություն ունեցող մարդը չի կարող պերմանենտ ստել ու վատ չզգալ։ Սրանք լայվը միացնում են, նայելով էդ լայվի էկրանին՝ էդ սուտասանության բիոսարքը անդադար միանում է, դրա հետ միասին ուղղակի ընդունակ չեն ուղղակի վերլուծել իրավիճակը և ճիշտ որոշումներ կայացնել անվտանգության հարցում»։

Մանրամասն՝ տեսանյութում։
Հանդիպման ամբողջական տեսագրությունը՝ այստեղ։