Միասին կարող ենք
կարևոր
1003 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-21 10:21
Հասարակություն

«Հայաստան» դաշինքի միջոցառման լուսաբանումներն ունեցել են մոտ 15 մլն դիտում. «Փաստ»

«Հայաստան» դաշինքի միջոցառման լուսաբանումներն ունեցել են մոտ 15 մլն դիտում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.
Օրերս Նիկոլ Փաշինյանը մեծագույն հպարտությամբ ազդարարել էր, թե մեկ ամսում ինքն ունեցել է մոտ 150 միլիոն դիտում, իսկ ավելի ստույգ՝ 148 միլիոն 800 հազար: Շա՞տ է դա, թե՞ քիչ, դժվար է գնահատել, որովհետև հասկանալի է, որ ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում շատ մեծ հետաքրքրությամբ կդիտեն, թե ինչպես է որևէ երկրի ղեկավար եթերում ուտում, կհետևեն նաև «ժիմ անելու» կամ «արհամարհել» բառը գրելու չելենջին (հատկապես, որ մի առիթով ինքն է սխալ գրել՝ «առ եմ համարում»):

Հասկանալի է, որ շատերը ծիծաղելու են, շատերն «իսպանական ամոթ» են զգալու, շատերը, մեղմ ասած, առանձնապես լավ չեն արտահայտվելու, բայց նայելու են: Այնպես որ, դիտումները բնական են: Հարցն այն է, թե որքանով է նորմալ, երբ երկրի ղեկավարը միակ բանը, որով հպարտանում է, սոցցանցային վիրուսային տեսանյութերի դիտումներն են:

Այդուամենայնիվ, որպեսզի ինչ-որ առումով չափելի լինի նշյալ թիվը, մենք ուսումնասիրեցինք, օրինակ՝ «Հայաստան» դաշինքի՝ մարտի 16-ին կայացած միջոցառման դիտումները: Պարզվեց, որ անցած 4 օրվա ընթացքում միջոցառման մասին ամբողջական տեսանյութերը դիտվել են մոտ 524 հազար անգամ, իսկ կարճ հոլովակները («ռիլեր»)՝ 13 մլն 727 հազար անգամ: Ընդ որում, նշենք, որ տեխնիկապես հնարավոր չէ դիտարկել բոլոր հարթակներն ու լրատվամիջոցները, ուստի ուսումնասիրել ենք ամենահիմնականները: Համադրելի՞ են այս թվերը: Երևի թե՝ այո:

Համեմատելի՞ են այս թվերը: Հազիվ թե: Քանի որ մի դեպքում գործ ունենք զուտ տիկտոկյան տրամաբանությամբ հետաքրքրության հետ, ինչպես մարդիկ կդիտեն որևէ շոու, բայց այդ դիտումները որևէ կերպ հազիվ թե ազդեն ընտրությունների վրա: Մյուս կողմից՝ գործ ունենք քաղաքական ուժի ընդամենը մի միջոցառման հետ, որտեղ ներկայացվել են հստակ ծրագրեր, եղել է ասելիք:

Այսինքն, այն, որ մեր հանրության մեջ նման հետաքրքրություն է ցուցաբերվել այս, այն էլ՝ քաղաքական միջոցառման նկատմամբ, խոսում է նրա մասին, որ կա սպասում, հետաքրքրություն, կա ակտիվություն, և իշխանությունների ջանքերը՝ սերմանել ապատիա հանրության շրջանում, որևէ օգուտ չեն տալիս: Սա կարող է նաև վկայել այն մասին, որ առաջիկա ընտրությունների մասնակցությունը բավական բարձր կլինի, ինչը ձեռնտու չէ իշխանություններին: