|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ենթադրյալ հանցանքի մասին հաղորդում էր ներկայացրել այս տարվա փետրվարի 11-ին՝ հիմքում դնելով ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի հրապարակային հայտարարությունները, որոնցում նա կասկածի տակ է դրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վարքը և շահագրգռվածությունը բուքմեյքերական ոլորտի նկատմամբ։ Ըստ պատգամավորի՝ ոլորտում ներգրավված որոշ խոշոր սեփականատերեր ԱԺ նախագահի մտերիմներն են։
Այս հայտարարությունները, որոնք արվել են հրապարակային հարթակում, ըստ էության պարունակում են ոչ միայն քաղաքական գնահատական, այլ նաև քրեաիրավական հնարավոր տարրեր՝ շահերի բախումից մինչև պաշտոնեական լիազորությունների չարաշահում։ Սակայն ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն, արձագանքելով մեր դիմումին, նախ տեղեկացրել էր, որ քրեական վարույթ նախաձեռնելու հիմքեր չեն հայտնաբերվել։ Սակայն նույն օրը մեկ այլ գրությամբ տեղեկացրել է, որ «դիմումի մեջ նշված հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկվել են համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և ստուգողական գործողություններ, որոնք դեռևս շարունակվում են»։
Այս երկակիությունը՝ «վարույթ չկա, բայց ստուգում կա», իրավական տեսանկյունից գուցե բացատրելի է, սակայն հանրային ընկալման մակարդակում ստեղծում է հակասական պատկեր։ Եթե հիմքեր չկան՝ ինչո՞ւ են իրականացվում ստուգումներ։ Իսկ եթե ստուգումները շարունակվում են՝ արդյո՞ք վաղ չէ խոսել հիմքերի բացակայության մասին։
Այսպիսով, մինչ իրավապահ համակարգը զգուշավոր և նուրբ ուսումնասիրում է Ալեն Սիմոնյանի ենթադրյալ կոռուպցիոն շահերը բուքմեյքերական ընկերությունների հետ, այս սկանդալը բացահայտող ՔՊ-ական պատգամավորն արդեն պատժվեց։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խիստ նախազգուշացում է տվել Հայկ Սարգսյանին՝ նրան արգելելով ՔՊ ընտրացուցակում ընդգրկվել։ Սա էլ կոռուպցիայի դեմ պայքարի ցցուն օրինակ է։

Հիշեցնենք՝ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը վերջերս հրապարակել էր սահմռկեցուցիչ թվեր խաղադրույքների կտրուկ աճի վերաբերյալ։
2018-2025 թվականների ինտերնետ շահումով խաղերի և խաղատների խաղադրույքների ծավալը հատել է 8 տրիլիոնի սահմանը։
• 2018 թ․՝ 422,5 միլիարդ դրամ,
• 2019 թ․՝ 1,2 տրիլիոն դրամ,
• 2020 թ․՝ 2,0 տրիլիոն դրամ,
• 2021 թ․՝ 3,9 տրիլիոն դրամ,
• 2022 թ․՝ 5,8 տրիլիոն դրամ,
• 2023 թ․՝ 6,4 տրիլիոն դրամ,
• 2024 թ․՝ 7,2 տրիլիոն դրամ,
• 2025 թ․ հունվար-հուլիս՝ 4,0 տրիլիոն դրամ»։