Միասին կարող ենք
կարևոր
1615 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-17 12:14
Հասարակություն

Գևորգ ջան, մայրիկ ոչխարին տեսանկարահանելու փոխարեն կարդա

Գևորգ ջան, մայրիկ ոչխարին տեսանկարահանելու փոխարեն կարդա

Yerkir.amտեղեկացրել էր, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը շուրջ 1 տարի գործում է առանց պետական հավատարմագրման: 

Հաշվի առնելով, որ ագրարային համալսարանը մեր երկրի կարևոր բուհերից է, և երկրում գոյություն ունի նախարարություն, մի շատ պարզ հարցադրմամբ դիմել էինք, ամեն դեպքում, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին: Հարցը հետևյալն էր, արդյոք ԿԱՐՈՂ ԵՆ չհավատարմագրված բուհի, տվյալ դեպքում ագրարային համալսարանի 2025 և 2026 թվականների շրջանավարտներն աշխատանքի ընդունվել ոլորտային էկոնոմիկայի նախարարությունում:

Մեր հարցմանը պատասխանել է նախարարության գլխավոր քարտուղար Հայկազ Նասիբյանը: Քանի որ նախարարն ամեն դեպքում Գևորգն է, պատասխանենք նախարարության ոչինչ չասող նամակին:

Նախ, անդրադառնալով համալսարանի հավատարմագրում չունենալու մանրամասներին, նախարարությունը նշել է, որ չի տիրապետում հավատարմագրման ժամկետների վերաբերյալ տեղեկատվությանը, առաջարկել է դիմել համալսարանին:

Հարգելի Գևորգ, հնարավոր է չես տիրապետում: Անցնում ես այս` հղմամբ և լինում ես տեղեկացված: Մի տարբերակ էլ կա: (+374 11) 597 154 հեռախոսահամարով զանգում ես տեղակալիդ՝ Արման Խոջոյանին, ու հարցնում ես: Իսկ ինչու 6 տեղակալներիցդ հենց Արմանին, որովհետև նա նաև ագրարայինի հոգաբարձուների խորհրդի նախագահն է:

Նախարարությունը միաժամանակ հայտնել է, որ թափուր հաստիքների համալրումը տեղի է ունենում ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ կամ մասնագիտական համապատասխան աշխատանքային ստաժի պահանջները բավարարելու պարագայում: Նախարարությունը նշել է նաև, որ ագրարայինի 2025թ. շրջանավարտներ աշխատանքի ընդունվելու դիմումներ չեն ներկայացրել, իսկ 2025-2026 ուստարին դեռևս ավարտված չէ:

Նախ շատ զգացված ենք, որ հիշեցրել եք, թե 2025-2026 ուստարին դեռևս ավարտված չէ: Բախտներս բերել է, որ չեք նշել, թե 2026թ. մարտ ամիսը ավարտված չէ: Հետո էլ՝ 2025թ. շրջանավարտ չի դիմել: 

Գևորգ ջան, անիմաստ տեսանյութեր, մայրիկ ոչխարներ, գառնուկներ նկարելու փոխարեն զբաղվի քո պարտականություններով, որ վատ դրության մեջ չընկնես: Քո պարտականություներից է նաև քեզ ուղղված գրությունները կարդալ, հասկանալ և պատասխանել` ըստ էության:

Բայց մի դրական բան կա պատասխանի մեջ: Խոսել ես հանրային ծառայության մասին: Հիմա շուտ վերցնում ես Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքը ու կարդում ես 13-րդ հոդվածը՝ եթե հանրային ծառայության պաշտոնի անձնագրով սահմանված է բարձրագույն կրթության պահանջ, ապա քաղաքացին պետք է ունենա ինստիտուցիոնալ և (կամ) համապատասխան մասնագիտության ծրագրով հավատարմագրված բուհի շնորհած որակավորում և դիպլոմ:

Մի քանի անգամ ուշադիր կարդալուց և հասկանալուց հետո, համոզված ենք հաստատ կարող ես պատասխանել, թե հավատարմագրում չունեցող ագրարային համալսարանի 2025 կամ 2026 թվականների շրջանավարտը կարող է արդյոք աշխատանքի անցնել նախարարությունում, թե ոչ: