|
Փոխարժեքներ
12 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.44 |
| EUR | ⚊ | € 436.25 |
| RUB | ⚊ | ₽ 4.7633 |
| GBP | ⚊ | £ 505.51 |
| GEL | ⚊ | ₾ 138.23 |
Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի և Երևանի պետական համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետի համատեղ նախաձեռնությամբ մարտի 11-ին կայացավ բանաստեղծ, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանի ծննդյան 85֊ամյակին նվիրված գիտաժողովի զեկույցների ժողովածուի շնորհանդեսը։
Ժողովածուն ներառում է անվանի բանաստեղծի գրական ժառանգությանը նվիրված մի շարք կարևոր ուսումնասիրություններ` անդրադառնալով նրա գրական բացառիկ տաղանդին, հաստատելով Ռազմիկ Դավոյանի` բոլոր ժամանակների բանաստեղծ լինելու անժխտելի ճշմարտությունը։
Գիրքը կազմել և խմբագրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արշալույս Գալստյանը։ Նա շնորհակալություն հայտնեց Համազգայինի Երևանի գրասենյակին` սերտ համագործակցության և համատեղ իրականացրած մի շարք կարևոր նախաձեռնությունների համար։ Նա նաև կարևորեց Ռազմիկ Դավոյանի տիկնոջ` Լոնդոնի համալսարանի լեզվաբանության դոկտոր Արմինե Թամրազյանի մեծ ջանքերը` բանաստեղծի գրական ժառանգության հանրայնացման և սույն ժողովածուի կազմելու գործում։
Համազգայինի Երևանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանն իր խոսքում նշեց, որ 85-ամյակն առիթ է ևս մեկ անգամ արժևորելու անվանի գրողի ստեղծագործական ուղին, ում համար անցյալի մեծագույն գրողների ստեղծած արժեքները չափանիշ էին, բայց ներկայում նա ստեղծեց անհատական, ինքնատիպ Դավոյան գրողի եսը։
Ռ.Առաքելյանը շեշտեց նաև բանաստեղծի մեծ ներդրումներն ու ջանքերը Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի ստեղծման և գործունեության հարցում։
«Ռազմիկ Դավոյանը ոչ միայն այս երկրի հարազատ բանաստեղծն էր, այլև` հարազատ քաղաքացին »,- իր ելույթում կարևորեց Համազգայինի Կենտրոնական վարչության անդամ Արտաշես Շահբազյանը` նշանավորվելով գրողի ոչ միայն գրական, այլև` հասարակական, մշակութային լայն գործունեությունը։
Գրքի խմբագիր, ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը, ով նաև Համազգայինի Երևանի գրասենյակում երկար տարիներ աշխատել է Դավոյանի հետ, նշեց.« Բանաստեղծները չեն մահանում, քանի կա նրանց տողը և տողի խորհուրդը։ Ռազմիկի տողը և տողի խորհուրդը ապրում է հիմա և ապրելու է հետո` ժամաբակի հետ ավելի ու ավելի արժևորվելով։ Նրա տողերը նրան դարձնում են բանաստեղծ` բոլոր ժամանակների համար »։
Ռազմիկ Դավոյան բանաստեղծի անցած ճանապարհն իրենց խոսքում արժևորվեցին նաև Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական համալսարանի Բանասիրական ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Գալստյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Աբրահամյանը, բանասիրական գիտությունների դոկտոր Աբգար Ափինյանը, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Անուշ Ասլիբեկյանը ։
Դավոյանի տիկին Արմինե Թամրազյանն իր շնորհակալությունը հայտնեց միջոցառման կազմակերպիչներին և բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեցան թե՛ գիտաժողովի և թե՛ սույն ժողովածուի կյանքի կոչման գործում։