կարևոր
910 դիտում, 2 ժամ առաջ - 2026-02-25 19:53
Քաղաքական

ԱԳՆ-ն չի հերքում, որ Միրզոյանը Բրյուսել նամակ է գրել՝ խնդրելով արագ արձագանքման խումբ ուղարկել Երևան. «Փաստինֆո»

ԱԳՆ-ն չի հերքում, որ Միրզոյանը Բրյուսել նամակ է գրել՝ խնդրելով արագ արձագանքման խումբ ուղարկել Երևան. «Փաստինֆո»

ՀՀ ԱԳՆ-ն չի հերքում, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարի՝ փետրվարի 13-ին Բրյուսել հասցեագրված նամակը, որով Արարատ Միրզոյանը խնդրել է արագ արձագանքման խումբ ուղարկել Երևան։ «Փաստինֆոյի» հետ զրույցում նախարարի մամլո խոսնակ Անի Բադալյանը հիշեցրել է նախորդ տարվա դեկտեմբերի 15-ին իր կողմից տրված մեկնաբանությունը։ «Այն լիովին վերաբերելի է նաև այս պահին: Հայաստանը շարունակում է փոխգործակցությունը ժողովրդավարական դիմակայունության ամրապնդման ուղղությամբ:

Առաջարկում եմ ուշադրություն դարձնեք նշածս մեկնաբանությանը, որտեղ տեղեկացրել ենք, որ կան համատեղ քննարկվող նախաձեռնություններ»,-ասաց Բադալյանը։

Խոսնակի հիշատակած հարցազրույցում, մեկնաբանելով ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասի հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանը ԵՄ-ից աջակցություն է խնդրել 2026 թվականին նախատեսվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նկատվող հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու նպատակով, Բադալյանը նշել էր, որ «Տարբեր ուղղություններով Հայաստանի դիմակայունության բարձրացման, այդ թվում՝ հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու ուղղությամբ ՀՀ-ԵՄ համագործակցությունը շարունակական է և նոր չի սկսվել։ Գործընկերության զարգացմանը զուգահեռ դիտարկվում, մշակվում, հաստատվում են ՀՀ ժողովրդավարական, տնտեսական դիմակայունության ամրապնդմանն ուղղված տարբեր նախաձեռնություններ։ Այդ սկզբունքով ընդունվեցին, օրինակ՝ այս պահին իրականացման ակտիվ փուլում գտնվող «Դիմակայունություն և աճ» ծրագիրը, Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայման մասին որոշումը։

Բացառություն չէ ընտրական գործընթացները ժողովրդավարական չափանիշներին համահունչ ապահովելու ճանապարհին հնարավոր հիբրիդային սպառնալիքներին հակազդելու նպատակով փոխգործակցությունը, ԵՄ աջակցությունը՝ հաշվի առնելով այս ուղղությամբ ԵՄ ու անդամ երկրների փորձն ու գործիքակազմը։ Համապատասխանաբար, այո, կան այդ ուղղությամբ համատեղ քննարկումների արդյունքում ձևավորված նախաձեռնություններ, որոնց շուրջ որոշումների կայացման պարագայում հանրությունը պատշաճ կտեղեկացվի»,- ասել է Բադալյանը։

Իրականում հայ հանրությունը ոչ թե ԱԳՆ-ից, այլ  «Ազատություն» ռադիոկայանից է տեղեկացել, որ Արարատ Միրզոյանը փետրվարի 13-ին խնդրել է արագ արձագանքման խումբ ուղարկել Երևան։

ԵՄ-ն նմանատիպ՝ մոտ 20 հոգանոց խումբ էր ուղարկել Քիշնև՝ անցյալ տարվա խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ աջակցելու Մոլդովայի իշխանություններին սոցիալական ցանցերում Ռուսաստանից տարածվող ապատեղեկատվության վաղ հայտնաբերման և հակազդման գործում։

Ե՛վ Բրյուսելը, և՛ Քիշնևը այդ նախագիծը հաջողված են համարել, և Եվրամիությունն այժմ ցանկանում է նույնն իրականացնել նաև Հայաստանի համար՝ կարևորագույն ընտրությունների շեմին, որոնց վրա, ինչպես սպասվում է, Ռուսաստանը կփորձի ազդել։ Հրապարակումից հետեւում է, որ  Եվրամիությունը պատրաստվում է օգնել Հայաստանին հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրություններում Ռուսաստանի միջամտությունից խուսափելու համար՝ նախ տեղակայելով Կրեմլի ապատեղեկատվության դեմ պայքարող «հիբրիդային արագ արձագանքման խումբ», ապա հնարավոր է՝ Հարավային Կովկասի այս երկրում ավելի մշտական քաղաքացիական առաքելություն։

Աղբյուրը՝ Փաստինֆո