կարևոր
1243 դիտում, 2 ժամ առաջ - 2026-02-25 17:13
Քաղաքական

Լավ է, որ ՀՀԿ փոխնախագահն ես, բայց վատ է, որ սուտ ու պարտադրված ես խոսում․ Վարդանյանն՝ Աշոտյանին

Լավ է, որ ՀՀԿ փոխնախագահն ես, բայց վատ է, որ սուտ ու պարտադրված ես խոսում․ Վարդանյանն՝ Աշոտյանին

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ​Աղվան Վարդանյանը պատասխանել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին։

«Երկար մտածում էի՝ խոսե՞մ, թե չէ: Երբ մարդուն գնահատում ես, չես ուզում կորցնել։ Մինչեւ նա չի խախտում այս պարզ, մարդկային օրենքը: Գիտեմ՝ խոսելը բան չի փոխելու, բայց չխոսես, կմտածեն՝ պատասխան չեղավ, հաջորդ անգամ ավելին թույլ կտան իրենց։ Այլեւս երկու հոգու մեջ մարդկային ոչինչ չի մնա: Քանի որ գնահատում եմ՝ պատասխանեմ:

Անցած շաբաթ օրը Գյումրիում էինք՝ «Հայաստան» դաշինքի պատգամավորներով: Ժողովրդի հետ հանդիպում, դահլիճում՝ մոտ 400 քաղաքացի: Հարցուպատասխանին մեկը ասում է՝ ինչո՞ւ ճշմարտությունը չեք ասում, ինչո՞ւ չեք ասում, որ էս խեղկատակին (բնականաբար Ն.Փ.-ին նկատի ունի) բերել են առաջին ու երրորդ նախագահը: Ավագի իրավունքով վերցնում եմ բարձրախոսը:

-Անունդ ի՞նչ է,- հարցնում եմ: -Մնացական:

Մնացական ջան, ասում եմ, մենք ի՞նչ ենք անում էստեղ, ինչի՞ց ենք խոսում: Ասում ենք՝ էս չարիքը պետք է հեռացնենք: Նպատակը սա է, խնդիր ունենք լուծելու: Էսօր մենք բանակցում-քննարկում ենք ընդդիմադիր բոլոր ուժերի հետ, ձեզ հետ՝ ի՞նչ քայլեր անենք միասին, ինչպե՞ս գլխավոր խնդիրը լուծենք: Հիմա մեզ ի՞նչ է տալու անցյալը փորփրելը: Հիմա պետք է ոչ թե հետ, այլ՝ առաջ նայել, որ նպատակն իրագործվի, խնդիրը լուծվի: Մենք էլ շատ բան ենք տեսել, շատ բան գիտենք, բայց դրա ժամանակը չէ, անիմաստ է: Էդպիսի կարծիք ունեցողներ կան, կասկածներ կան, հեռացնենք, հետո կխոսենք։ Հիմա խնդիրը լուծելու ժամանակն է:

Համաձա՞յն ես, Մնացական,- ասում եմ ու չսպասելով պատասխանի՝ համաձայն ես, ասում եմ: Դահլիճը ծափահարում է:

Հաջորդ օրը ինձ են ուղարկում Արմեն Աշոտյանի (արդեն ասել եմ ՝գնահատելի մարդու) լայվը՝ «Ո՞վ է բերել Նիկոլին» վերնագրով: Ասում է՝ «Հայաստան» դաշինքից Աղվան Վարդանյանը բեմադրված հարցի է պատասխանում: Սուտ է ասում:

Ինքը լավ գիտի՝ ո՛չ ներկուսակցական, ո՛չ այլ բեմադրությունների չեմ մասնակցում: Գյումրեցի մարդը հարց է տվել. ի՞նչ բեմադրված: Բայց որ սուտն ասել է, էլ չի կարողանում կանգնել։ Առանց անունները տալու՝ սկսում է Նիկոլին բերելու մեջ մեղադրել «Հայաստան» դաշինքի ներկա բոլոր պատգամավորներին՝ Աննա Գրիգորյանին, Սեյրան Օհանյանին, Լևոն Քոչարյանի ընտանիքին, դաշնակցականներ Իշխան Սաղաթելյանին, Քրիստինե Վարդանյանին, Արթուր Խաչատրյանին: Ու ոգևորված եզրակացնում՝ ավելի մեծ մեղավորներ չկան:

Հետո էլ ուրախ չարախնդում է, թե ընդդիմադիր դաշտում «Հայաստան» դաշինքն այլեւս առաջին ջութակ չէ ու հորդորում է՝ հեռու խաղալ «Հանրապետական» կուսակցությունից:

Լայվը լսելուց հետո զանգում եմ Աշոտյանին, մտերմաբար, ինձ նման մի քիչ կոպիտ ասում եմ՝ ինչ մտածում եմ եւ ինչ եմ պատասխանել քաղաքացուն:

Ասում է՝ ես «Հանրապետական» կուսակցության փոխնախագահն եմ:

Ուշադիր լսիր, Աշոտյան, «Հանրապետականի» հետ ոչ մոտ, ոչ հեռու խաղալու ցանկություն չունեմ: Խնդիր կա լուծելու, որոշեք՝ մասնակցում ե՞ք, թե չէ: «Հայաստան» դաշինքին, նախագահ Քոչարյանին թիրախավորելը գերնպատակ մի դարձրեք: Շատ եք արել։

Առաջին, երկրորդ, հինգերորդ ջութակի թեմա էլ չկա: Կա նպատակ, կա խնդիր, կա լուծում։ Մենք դրանով ենք զբաղված:

Լավ է, որ «Հանրապետական» կուսակցության փոխնախագահն ես, բայց վատ է, որ սուտ ու պարտադրված ես խոսում: Մի վտանգավոր միտք էլ՝ վատն է այն փոխնախագահը, ով չի ուզում նախագահ դառնալ:

Ավարտեցի։ Այսքանը։ Վերջ»։