կարևոր
670 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-20 15:27
Հասարակություն

Ո՞վ և ինչո՞ւ է դատավորների կոռուպցիոն ռիսկերի զեկույցներն արխիվացրել՝ առանց քննության

Ո՞վ և ինչո՞ւ է դատավորների կոռուպցիոն ռիսկերի զեկույցներն արխիվացրել՝ առանց քննության

«Իշխանություն»-ը գրում է․ ««Իշխանություն» լրատվականի ձեռքի տակ է հայտնվել մի փաստաթուղթ, որը լուրջ հարցեր է առաջացնում Կոռուպցիայի կանխարգելմանհանձնաժողովի գործունեության վերաբերյալ։ Փաստաթղթից երևում է, որ դատավորների հնարավոր կոռուպցիոն ռիսկերի մասին պատրաստված ծառայողական նյութերը փակվել են՝ առանց պատշաճ ուսումնասիրության և առանց հանրային հաշվետվողականության։

Խոսքը վերաբերում է հանձնաժողովի աշխատակից Սյուզաննա Օհանյանի կողմից դեռևս 2022 թվականին կազմված երկու ծառայողական զեկույցներին՝ № Ն594 և № Ն758։ Զեկույցները վերաբերել են դատավորների հայտարարագրերում արձանագրված հնարավոր անհամապատասխանություններին և կոռուպցիոն ռիսկերի գնահատմանը։ Դրանք ներկայացվել էին հանձնաժողովի նախագահին,քանի որ հետագա ստուգումներ սկսելու համար անհրաժեշտ էր նրա հստակ հանձնարարականը։

Սակայն, ըստ փաստաթղթի, համակարգում որևէ տվյալ չկա այն մասին, թե նախագահը տվել է նման հանձնարարական, թե ոչ։ Փոխարենը՝ 2023 թվականի դեկտեմբերի 14-ին երկու զեկույցներն էլ ստացել են «ընդունված է» կարգավիճակ և նույն օրը ուղարկվել արխիվ։ Այսինքն՝ հնարավոր կոռուպցիոն ռիսկերի մասին տեղեկություններին ընթացք չի տրվել։

Նյութերը վերաբերել են վարչական դատարանի դատավորներ Արթուր Ավագյանին և Գրիգոր Առաքելյանին, ինչպես նաև վճռաբեկ դատարանի դատավորներ Արթուր Պողոսյանին և Արսեն Մկրտչյանին։ Նրանց հայտարարագրերում արձանագրված հարցադրումները, փաստացի, այդպես էլ չեն դարձել լիարժեք ստուգման առարկա։

Ստացվում է իրավիճակ, երբ հանձնաժողովի ներսում ձևավորվում են հնարավոր կոռուպցիոն ռիսկերի մասին պաշտոնական զեկույցներ, սակայն դրանց կա՛մ ընթացք չի տրվում, կա՛մ վարչական ճանապարհով «փակվում» են։ Սա արդեն ոչ թե առանձին դրվագի, այլ առանց լուրջ ուսումնասիրության՝ փակվում է։ Ինչո՞ւ են կոռուպցիոն ռիսկերի մասին զեկույցները հայտնվում արխիվում, ո՞վ է կայացրել այդ որոշումը և ի՞նչ հիմնավորմամբ՝ այս հարցերը դեռևս մնում են առանց
պատասխանների։

«Իշխանություն» լրատվականը պատրաստ է հրապարակել նաև պատասխանատու պաշտոնյաների մեկնաբանությունները,եթե դրանք ներկայացվեն»։