կարևոր
535 դիտում, 2 ժամ առաջ - 2026-02-19 11:17
Քաղաքական

Հայաստանը նախատեսում է ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր ստորագրել Լեհաստանի հետ

Հայաստանը նախատեսում է ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր ստորագրել Լեհաստանի հետ

Հայաստանի կառավարության նիստի ընթացքում հաստատվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Լեհաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիր ստորագրելու հարցը։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ Հայաստանը մեծապես կարևորում է Լեհաստանի հետ փոխվստահության վրա հիմնված բարձր մակարդակի հարաբերությունների խորացումը՝ նպատակ ունենալով պաշտպանական ոլորտում արձանագրել շոշափելի արդյունքներ և ընդլայնել համագործակցության ուղղությունները։

Նշվում է, որ երկու երկրների բարձր քաղաքական մակարդակով պարբերական շփումները և բազմաոլորտ համագործակցությունը նախադրյալ են ամուր միջպետական կապերի ձևավորման համար՝ հատկապես ռազմատեխնիկական ոլորտում կառուցողական փոխգործակցության զարգացման տեսանկյունից։

Ըստ նախագծի՝ համաձայնագիրը կնպաստի միջազգային պաշտպանական համագործակցության ընդլայնմանը և երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդմանը ռազմատեխնիկական բնագավառում։