«Փաստ» օրաթերթը գրում է.
Փաշինյանական առաջին «փաղանգի» քարոզիչ-գործիչներից մեկը հայտարարել է, թե իրենք թույլ չպիտի տան, որ ընդդիմությունը «ոտնատակ տա մեր ձեռքբերումները»:
Չէ, լուրջ, կատակ չենք անում, այդպես էլ ասել է՝ «մեր ձեռքբերումները»:
Անկեղծ ասած, շփոթության է մատնել, որովհետև ակամայից ուզում ես գույքագրել իրենց, այն է՝ Փաշինյանի ու ՔՊ-ի «ձեռքբերումները»: Բացի այն, որ ՔՊ-ի այդքան չարչրկած ասֆալտից փոսերն ու ցեխաջուրն է մնացել, տակը էլ ի՞նչ կա:
Ի՞նչ ձեռքբերում:
Ահա ՔՊ-ի ձեռքբերումների սեղմ ցանկը. Հայաստանում Սահմանադրության և օրենքների անընդհատ ոտնահարում, դատարանների զավթում, դատական իշխանության տոտալ ենթարկեցում մեկ անձի, ներքին ատելության ու թշնամանքի սերմանում ու տարածում, մարդու իրավունքների և սահմանադրական ազատությունների սահմանափակումներ, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կարգավորման գործընթացի տապալում և փակուղայնացում:
Բայց դա դեռ «ցրցամն» էր:
Շարունակե՞նք ՔՊ-ի «ձեռքբերումների» թվարկումը. ադրբեջանական ու թուրքական ռազմատենչ նկրտումների լեգիտիմացում, պատերազմ, Արցախի որոշակի մասի կորուստ, նվաստացուցիչ պարտություն և կապիտուլ յացիոն հայտարարության ստորագրում, հազարավոր զինվորների ու սպաների կորուստ, շուրջ 10000 վիրավոր ու հաշմանդամ, Եռաբլուրի բազմապատկում, Հայաստանի տարածքային ամբողջականության ապահովման անկարողություն, Արցախի ճանաչում Ադրբեջանի կազմում, Արցախի ամբողջական կորուստ և հայության զանգվածային բռնագաղթ, ժողովրդավարության տարրական սկզբունքների ոտնահարում, զանգվածային հետապնդումներ ու ռեպրեսիաներ, տասնյակ ու տասնյակ քաղբանտարկյալներ, խաղաղ ցույցի նռնակահարում:
Շարունակե՞նք: Հղի կնոջը մահացու վրաերթի ենթարկել և դրա համար ոչ մեկին չպատժել: Տասնյակ զինվորների հրոճարակ դառնալը՝ զորանոցի տակ հարմարեցված ինչ-որ տնակում:
Էլի շարունակե՞նք: Հանցագործությունների աճ, օրը ցերեկով հրաձգություն զոհերով ու վիրավորներով, որ մարդ արդեն վախենում է տանից դուրս գալ: Դե, եթե իրավապահները զբաղված են ընդդիմադիրների նկատմամբ գործեր կարելով ու Եկեղեցու դեմ պատերազմով, արդյունքն էլ սա պիտի լինի:
Ախր, ո՞ր մեկն ասես:
Հայաստանի սուբյեկտայնության սարսափելի կրճատում՝ թուրք-ադրբեջանական օրակարգերի սպասարկումով:
Այլ «ձեռքբերումնե՞ր»: Ահավասիկ. աղքատության չկրճատում, եթե ոչ՝ ավելացում ու խորացում, սոցիալական բևեռացվածության խորացում, հարկային բեռի ավելացում, տուգանքների ավելացում, կարմիր գծերի, հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացում, սեփականության խլումներ...
Լսեք, եթե ՔՊ-ի այս «ձեռքբերումներն» են ընդդիմադիրները ուզում «ոտնատակ տալ», ապա պետք է միայն ողջունել և ամեն ինչ անել, որ դա տեղի ունենա: Մեր երկիրը, մեր ժողովուրդը, մեր երեխաները ապրել են ուզում...