կարևոր
688 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-16 15:34
Հասարակություն

Աշոտ Մելքոնյանը տոնում է ծննդյան 65-ամյակը և գիտամանկավարժական գործունեության 40-ամյակը

Աշոտ Մելքոնյանը տոնում է ծննդյան 65-ամյակը և գիտամանկավարժական գործունեության 40-ամյակը

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի մեր մեծ ընտանիքի վաստակաշատ անդամ, ինստիտուտի երկարամյա տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը տոնում է ծննդյան 65-ամյակը և գիտամանկավարժական գործունեության 40-ամյակը, որից 25 տարին՝ տնօրենի պատասխանատու պաշտոնում։

Ակադեմիկոս Ա. Մելքոնյանի կյանքն ու գործունեությունն անքակտելիորեն կապված են Պատմության ինստիտուտի հետ։ Տասնամյակների նվիրական ու հետևողական աշխատանքի շնորհիվ նա նշանակալի ներդրում է ունեցել հայ պատմագիտության և առհասարակ հայագիտության զարգացման գործում՝ արժանանալով թե՛ Հայաստանի գիտական հանրության, թե՛ Սփյուռքի խորին հարգանքին։

Նրա բարձր քաղաքացիական կեցվածքը, մարդկային և բարոյական անուրանալի արժանիքները, բարությունն ու կամեցողությունը, մշտական պատրաստակամությունն ու սրտացավ վերաբերմունքը նրան մեծ հեղինակություն են բերել գիտական-մտավորական և ընկերական շրջանակներում՝ ապահովելով գործընկերների խորին հարգանքն ու վստահությունը։

Ուսանողները, գործընկերներն ու մտերիմները Աշոտ Մելքոնյանին ճանաչում են որպես բարի և ազնիվ ընկերոջ, բացառիկ մարդու, հոգատար դասախոսի և անվանի գիտնականի, որը կրթել է ուսանողների բազում սերունդներ՝ նրանց մեջ սերմանելով հայրենասիրություն, բարություն և ազնվություն։

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում ծավալած անբասիր գործունեության և նշանակալի վաստակի, ինչպես նաև ծննդյան 65-ամյակի առթիվ ակադեմիկոս Ա․ Մելքոնյանը պարգևատրվել է «Մովսես Խորենացի» հուշամեդալով։

Շնորհավորելով հոբելյանի առթիվ՝ սիրելի գործընկերոջը մաղթում ենք քաջառողջություն, արևշատություն և երջանիկ կյանք։ Դուք մշտապես կվայելեք ինստիտուտի աշխատակիցների և ուսանողների սերն ու հարգանքը։

Սիրելի՛ պատմաբան, շնորհակալություն ենք հայտնում Ձեր անմնացորդ նվիրվածության, գիտական և մանկավարժական բարձր արժեքների համար, որոնք հարստացնում են մեր ինստիտուտի պատմությունը և կերտում նրա արժանապատիվ ապագան։