կարևոր
814 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-11 15:58
Հասարակություն

Դեղորայքի գների աճը մնում է չկառավարվող, և ծանր հարվածի տակ է հայտնվում սոցիալապես խոցելի խավը․ Մհեր Մելքոնյան

Դեղորայքի գների աճը մնում է չկառավարվող, և ծանր հարվածի տակ է հայտնվում սոցիալապես խոցելի խավը․ Մհեր Մելքոնյան

ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանն ահազանգում է․

«Հայաստանում դեղորայքի բարձր գները վաղուց այլևս մասնավոր շուկայի խնդիր չեն։ Դրանք ուղղակիորեն արտացոլում են պետական քաղաքականության բացերը և առողջապահական կառավարման համակարգային թերությունները։ Այս իրավիճակում առավել ծանր հարվածի տակ են հայտնվում սոցիալապես խոցելի խավերի ներկայացուցիչները, որոնց համար դեղորայքը ոչ թե հավելյալ ծախս է, այլ կենսական անհրաժեշտություն։

Պետությունը պարտավոր է ապահովել դեղորայքի ֆիզիկական և ֆինանսական մատչելիությունը։ Այս պարտավորությունը բխում է սոցիալական պետության գաղափարից: Սակայն այսօր գործող քաղաքականությունը փաստացի չի երաշխավորում այդ գաղափարի իրացումը։ Դեղորայքի գների աճը մնում է չկառավարվող, իսկ պետական միջամտությունը՝ հատվածական և ոչ համակարգային։

Առանձնահատուկ մտահոգություն է առաջացնում քրոնիկ հիվանդություններ ունեցող քաղաքացիների վիճակը։ Նրանց բուժումը շարունակական է և կանխատեսելի, ինչը նշանակում է, որ պետությունն ունի բոլոր հնարավորությունները՝ մշակելու երկարաժամկետ փոխհատուցման և սուբսիդավորման քաղաքականություն։ Այդուհանդերձ, նման քաղաքական կամք չի դրսևորվում, ինչի հետևանքով քաղաքացիների զգալի մասը ստիպված է կամ նվազեցնել բուժման ծավալը, կամ ամբողջությամբ հրաժարվել դրանից։

Դեղորայքի շուկայում պահպանվող սահմանափակ մրցակցությունը, ներմուծման բարձր կենտրոնացվածությունը և գնագոյացման թափանցիկության պակասը տարիներ շարունակ չեն ստացել համարժեք պետական արձագանք։ Առանց հակամենաշնորհային հստակ քայլերի և արդյունավետ վերահսկողության հնարավոր չէ ապահովել գների կայունացում և հասանելիություն։

Անհրաժեշտ եմ համարում արձանագրել, որ գործող իշխանությունները չեն ներկայացրել համապարփակ լուծում՝ ուղղված դեղորայքի գների նվազեցմանը և սոցիալական պաշտպանությանը։ Առանց այդպիսի լուծման՝ առողջապահական համակարգը շարունակում է խորացնել սոցիալական անհավասարությունը՝ փոխարենը այն մեղմելու։

Այս խնդրի լուծումը պահանջում է քաղաքական որոշումներ՝ փոխհատուցվող դեղերի ցանկի ընդլայնում, գնագոյացման վերահսկման գործիքների ներդրում, պետական գնումների արդյունավետություն և շուկայի իրական մրցակցություն։

Դրանք իրագործելի քայլեր են, եթե առողջապահությունը դիտարկվում է ոչ թե որպես ծախս, այլ որպես ներդրում հանրային բարեկեցության մեջ։

Դեղորայքի մատչելիությունը սոցիալական առողջ պետության ցուցիչ է։

Երբ պետությունը չի կարող ապահովել այդ նվազագույն պայմանը, այն պարտավոր է առնվազն ընդունել պատասխանատվությունը և փոխել քաղաքական մոտեցումը»։