|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
2022թ․ սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի զինուժի կողմից Հայաստանի վրա հարձակումից հետո Գեղարքունիքի մարզի Ներքին Շորժա ու Վերին Շորժա համայնքների որոշ բնակիչներ հեռացան, ովքեր էլ մնացին` ձմռան ամիսներին գնում են, գալիս են միայն ամռան սեզոնին:
Տեղացիներն ասում են, որ այս համայնքների մշակվող հողերն այժմ գտնվում են ադրբեջանցիների վերահսկողության տակ: Ներքին Շորժայի վարչական ղեկավար Արամ Մինասյանը մեզ ասաց. «Ոչ մի բնակիչ չկա, ով էլ եղել է, հիմա Վարդենիսում կամ Ակունքում են ապրում: Երբ գարունը բացվի, բնակիչները կգան»:
Ինչո՞ւ չեն բնակվում` ճանապարհները փա՞կ են։ «Երեւի հարմար չի` բուքը շատ է, ճանապարհները փակ են: Ես անձամբ Վարդենիսում եմ բնակվում: 2 տարի է, ինչ այս վիճակն է: Մինչեւ 2020 թիվը 13 ընտանիք բնակվում էր, 20 կանգուն տուն ունենք, մարդիկ հողագործությամբ եւ անասնապահությամբ էին զբաղվում»: Իսկ համայնքին պատկանող գյուղատնտեսական հողերի ինչ-որ մաս անցե՞լ է ադրբեջանցիների վերահսկողության տակ։
«Բարձունքներից, որտեղ հսկում են ադրբեջանցիները, ամեն ինչ տեսանելի է: Նույնը մեր սարից է երեւում: 2 սարերի արանքում պոստեր են: Էդ տարածքում մենք վարելահող չունենք, էդտեղ արոտավայր է: Առաջ էդ տարածքները որ կային` մինչեւ սովետի ժամանակվա սահմանը, իրենք առաջ են եկել, բարձրացել են սարը` տեսանելի է:
Մարդիկ ռիսկ չեն անում, որ գնան այդ հատվածը, որը հսկվում է ե՛ւ մեր կողմից, ե՛ւ ադրբեջանցիների»: Վերին Շորժայի վարչական ղեկավար Արտեմ Երանոսյանը հրաժարվեց պատասխանել մեր հարցերին, ասաց, որ հիվանդ է: Այրք համայնքի ղեկավար Կամո Ղազարյանն ասաց. «Այդ հարցերն ուղղեք Վարդենիսի համայնքապետարանին, մենք իրավասու չենք այդպիսի հարցերի պատասխանել»: