|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Սա իշխանական վերահսկելի դիտորդական առաքելություններ ձևավորելու նախագիծ է»,- ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում, ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով ՔՊ-ի նախաձեռնած ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծին։
«Բացառում են և զրկելու են բոլոր այն անձանց և կազմակերպություններին, որոնք որևէ կերպ կհամարձակվեն իշխանության համար ոչ հաճելի գնահատական հնչեցնել՝ դա որակելով որպես քարոզչություն կամ հակաքարոզչություն։ Որևէ ձևով չեն կարող իշխանություններին քննադատել․ քննադատեցին՝ նույն պահին զրկվում են դիտորդական առաքելության կարգավիճակից»,- հայտարարեց Մինասյանը;
Արծվիկ Մինասյանի խոսքով՝ նախագիծը օրակարգ է բերվել արտակարգ արագությամբ և փակ գործընթացով։
«Մենք էլ ենք անակնկալի եկել, որովհետև երեկ երեկոյան ընդամենը Ազգային ժողովի կայքէջում տեղադրվեց ծանուցում, որ այսօր առավոտյան հրավիրվում է խորհրդի նիստ՝ արտահերթ նիստ հրավիրելու հարցը քննարկելու համար։ Նախագիծը երեկ է դրվել շրջանառության մեջ, նույն օրը ժամերի տարբերությամբ հրավիրել են խորհրդի նիստ, այսօր էլ արդեն բերում են արտահերթ նիստի օրակարգ։ Սա իշխանության լկտի և զոռբա պահվածքի հերթական օրինակն է»,- ասաց նա։
Արծվիկ Մինասյանն ընդգծեց, որ փոփոխությունները չեն քննարկվել որևէ շահագրգիռ կողմի հետ. «Որևէ մեկի հետ չի քննարկվել՝ ո՛չ ընդդիմության, ո՛չ այն դիտորդական առաքելությունների, որոնք վերջին ՏԻՄ ընտրություններում անաչառ գնահատականներ են հնչեցրել, ո՛չ հասարակական սեկտորի անկախ ներկայացուցիչների, ո՛չ միջազգային կառույցների՝ Վենետիկի հանձնաժողովի, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ։ Սա բացահայտ խախտում է Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների»։
Նրա գնահատմամբ՝ նախագծով ամբողջ վերահսկողությունը տրվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, որն այսօր ամբողջությամբ իշխանության վերահսկողության տակ է։
Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը փոփոխություններ և լրացումներ է առաջարկում իրականացնել Ընտրական օրենսգրքում։
Հատկանշական է, որ արտահերթ նիստը նախաձեռնող պատգամավորները առաջարկել են օրակարգում ընդգրկված հարցի քննարկումը կազմակերպել հատուկ ընթացակարգով, ըստ որի՝ նախատեսվում է 2-րդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում։ Նախագծի վերաբերյալ առաջարկներ և գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանել առնվազն 3-ական ժամ։
Իշխող ուժի այս շուտափույթ նախաձեռնությունը անակնկալի է բերել թե՛ ընդդիմադիր խմբակցություններին, թե՛ լրագրողներին։