|
Փոխարժեքներ
22 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.14 |
| EUR | ⚊ | € 443.82 |
| RUB | ⚊ | ₽ 4.8865 |
| GBP | ⚊ | £ 508.24 |
| GEL | ⚊ | ₾ 140.76 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությունը կարծում է, որ հոգևոր-մշակութային կառույցները և այդ կառույցների ներկայացուցիչները սպառնալիք են ՀՀ-ի համար։
Օրերս Քրիստիննե Գրիգորյանի ղեկավարած կառույցը հրապարակել է 2026 թվականի տարեկան զեկույցը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին ռիսկերի վերաբերյալ։ Զեկույցի վերջին էջերում առանձնացվել է «Գործակալական ցանցի, ազդեցության գործակալների, գործարարության քողարկմամբ քաղաքականությամբ զբաղվող այլ դերակատարների, հոգևոր-մշակութային կառույցների ու դրանց՝ հանրային ճանաչում ունեցող ներկայացուցիչների ակտիվացում» բաժինը։
Համաձայն այս բաժնի՝ 2025 թվականի ընթացքում արդեն իսկ արձանագրվել է Հայաստանի ներքաղաքական գործընթացներին արտաքին միջամտությունների աճ։
«Նշված գործիքակազմը ներառում է ինչպես Հայաստանում գործող գործակալական ցանցի ու սատարվող ուժերի ակտիվացում, այնպես էլ՝ Հայաստանի ներքաղաքական կյանքում արտաքին ուժերի հետ կապված նոր քաղաքական ուժերի կուլտիվացման գործողություններ (քաղաքական ինժեներիա)»,– ասվում է զեկույցում։
Հետախուզությունն այս ակտիվացումը կապել է Հայաստանում նախընտրական գործընթացների հետ և շատ զգուշորեն հոգևորականներին համարում է «արտասահմանյան գործակալներ»։
«Արտաքին ուժերի կողմից նախընտրական շրջանում կուլտիվացվող ու օգտագործվող դերակատարների մասով առանձնահատուկ տեղ ունեն այլ պետության կառավարող շրջանակների հետ ուղղակի կամ անուղղակի կապված գործարարները, հոգևոր-մշակութային գործիչներն ու կազմակերպված հանցավոր տարրերը։
Այս դերակատարները կարող են ներգրավվել նախընտրական ու հետընտրական շրջաններում, ինչպես նաև բուն քվեարկության օրը՝ հանրային անհնազանդության ակցիաների քողի ներքո սաբոտաժի գործողություններ կազմակերպելու համար»,– ասվում է զեկույցում։
Ստացվում է, որ իշխանությունը Եկեղեցուն տեսնում է որպես սպառնալիք նախընտրական շրջանում, հենց այդ պատճառով Հայ առաքելական եկեղեցու դեմ սկսվել է արշավ և ճնշումներ՝ հոգևորականների դեմ»։