կարևոր
334 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-21 14:49
Իրավական

Թացքցրել եք տուժողի՝ Ձեր կարգավիճակը, որ այս գործում հաշվեհարդար տեսնեք․ Սուրեն Մանուկյանը՝ բացարկի միջնորդությունը մերժած դատավորին

Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Իջևանի նստավայրում շարունակվում է Սուրեն Մանուկյանի և մյուսների վերաբերյալ դատական նիստը՝ նոր զարգացումներով։ Բանն այն է, որ դատավոր Սասուն Մխիթարյանն իր վարույթում գտնվող քրեական գործով 2025 թվականի օգոստոսի 1-ին հաղորդում է ներկայացրել մեղադրյալներից մեկի դեմ և ստացել է տուժողի կարգավիճակ։ Արդյունքում ՝ Սասուն  Մխիթարյանը հանդես է եկել և՛ տուժողի, և՛ դատավորի կարգավիճակով, ինչից ելնելով դատավորը պետք է ինքնաբացարկ հայտներ, սակայն չի ներկայացրել։

Այս մասին չեն իմացել նաև դատավարության մասնակից կողմերը․  տեղեկությունը միայն այն ժամանակ է բացահայտվել, երբ մեղադրյալներից Սուրեն Մանուկյանը հարցրել է, թե դատավորը ինչ կարգավիճակ ունի տվյալ  գործով։ Ի պատասխան դատավորն ասել է․ «տուժողի կարգավիճակ ունի»։

 Պաշտպանական կողմը տեղեկանալուց հետո դատավորին դիմել է բացարկի միջնորդությամբ՝ հաշվի առնելով, որ դատավորը տուժողի կարգավիճակ ունենալով՝ ըստ օրենքի պարտավոր էր անմիջապես ինքնաբացարկ հայտարարել։ Սակայն, դատավորը ոչ միայն չի հայտարարել ինքնաբացարկ, այլև երկար ժամանակ թաքցրել է իր կարգավիճակը՝ խախտելով քրեադատավարական օրենսգրքի պահանջները։

Միայն պաշտպանական կողմի միջնորդությունից հետո է դատավորը դիմել Քննչական կոմիտե՝ հրաժարվելու  տուժողի իր  կարգավիճակից, որպեսզի շարունակի գործը վարել, սակայն,  ըստ մեղադրյալ Սուրեն Մանուկյանի, այդ քայլը մեկ այլ ապօրինություն է։

Նշենք, որ նախորդ դատական նիստի ժամանակ Սուրեն Մանուկյանի պաշտպաների կողմից ներկայացված՝ դատավորին բացարկ հայտնելու միջնորդությունը դատավորն այսօրվա նիստին մերժեց։ 

  Մանրամասն՝ տեսանյութում։