կարևոր
1573 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-16 19:22
Քաղաքական

Այդ որ «խաղաղություն» կոչվածի համար եք ստացել 51,6 միլիոն դրամ պարգևավճար. պատգամավորը՝ Նազելի Բաղդասարյանին

Այդ որ «խաղաղություն» կոչվածի համար եք ստացել 51,6 միլիոն դրամ պարգևավճար. պատգամավորը՝ Նազելի Բաղդասարյանին

ԱԺ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը գրում է.

«Երբ պետական իշխանությունը սեփական գործունեության արդյունքները գնահատում է ոչ թե ազգային անվտանգության, տարածքային ամբողջականության և հանրային բարեկեցության չափանիշներով, այլ ինքն իրեն շնորհվող պարգևավճարներով, դա վկայում է կառավարման արժեքային խորը ճգնաժամի մասին։ Այսօր արդեն ակնհայտ է, որ ձևավորվել է իշխանական մոտեցում, որի շրջանակում ռազմաքաղաքական, անվտանգային և սոցիալական հետևանքները երկրորդական են համարվում, իսկ առաջնային է դառնում սեփական քայլերի արդարացումն ու ֆինանսական խրախուսումը պետական միջոցներով։

Այսօր Շիրակի նախկին մարզպետ, «հպարտ» ՔՊ-ական Նազելի Բաղդասարյանը մեծ գոհունակությամբ հայտարարեց, որ վարչապետ կոչեցյալը և նրա տեղակալները 51,6 միլիոն դրամ պարգևավճարը ստացել են ՀՀ-ում «խաղաղություն» հաստատելու համար:

Հարց է առաջանում, տիկին Բաղդասարյան, այդ ո՞ր խաղաղության մասին է խոսքը:

Այն խաղաղությա՞ն, որի արդյունքում մենք կորցրինք Արցախը։

Այն խաղաղությա՞ն, որի պայմաններում թշնամին այսօր գտնվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում:

Այն խաղաղությա՞ն, որի գինն ազգային արժանապատվության փլուզումն էր:

Այն խաղաղությա՞ն, որի գինը մեր անվտանգային համակարգի կազմաքանդում էր:

Այն խաղաղությա՞ն, որի գինը տուն ու տեղից զրկված հազարավոր մեր հայրենակիցներն են:

Այն խաղաղությա՞ն, որի ընթացքում պետական բյուջեից միլիոնավոր դրամներ են բաժանվում պարգևավճարների՝ սեփական ձախողումները «հաջողություն» ներկայացնելու համար։

Այս իրականության ֆոնին Նազելի Բաղդասարյանի գոհունակ հայտարարությունը միայն մեկ բան է բացահայտում․ այս իշխանությունը չի զգում պետության նկատմամբ պատասխանատվության նվազագույն չափը»։