|
Փոխարժեքներ
16 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Շուրջ մեկ տարի տևած դատաքննության արդյունքում Երևան քաղաքի առաջին ատյանի քրական դատարանը, նախագահությամբ Դատավոր Դավիթ Բալայանի, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի և ավագանու հինգ անդամների նկատմամբ կայացրեց արդարացման վերդիկտ։ Այս մասին հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նա հիշեցնում է՝ քաղաքապետը և ավագանու անդամները ինքնիրավչության հոդվածով մեղադրվում էին այն բանի համար, որ Ստեփանակերտ քաղաքին պատկանող մի քանի ավտոմեքենաներ ավագանու որոշմամբ հանձնել էին դրանք Հայաստանի Հանրապետություն հասցրած անձանց ի սեփականություն։
Հիշեցնենք, որ 2024 թ. մայիսի 27-ին 20 օրով կալանավորվել էր Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը։ Իսկ հունիսի 13-ին դատավոր Մասիս Մելքոնյանը բավարարել էր քննիչի միջնորդությունն ու Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ կիրառել 2 ամիս ժամկետով տնային կալանք։ Նա մեղադրվում է խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով խարդախություն անելու, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր պատրաստելու և 3 անձի հետ դրանք օգտագործելու մեջ։
Հուլիսի 16-ին փաստաբան Ռոման Երիցյանը հայտնել էր, որ վերաքննիչ դատարանը բավարարել էր Ստեփանակերտի քաղաքապետին տնային կալանքի տակ պահելու որոշման դեմ իրենց ներկայացրած վերաքննիչ բողոքը՝ բեկանելով դատավոր Մասիս Մելքոնյանի կայացրած ապօրինի դատական ակտը և մերժելով քննիչի ներկայացրած միջնորդությունը։ Այդպիսով, Դավիթ Սարգսյանն ազատ էր արձակվել։ Սակայն քննչական կոմիտեն Դավիթ Սարգսյանի նկատմամբ «վարչական հսկողություն» խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացրել:
Դավիթ Սարգսյանը մեղադրվում էր Արցախից բերված մի քանի մեքենաներ իբր խարդախությամբ հափշտակելու համար։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ իրականում Ստեփանակերտի քաղաքապետն ու ավագանին ընդամենը տնօրինել էին քաղաքապետարանին պատկանող մեքենաները՝ դրանք հանձնել էին այն աշխատակիցներին, որոնք փաստացի բերել էին մեքենաները բռնի տեղահանության ծանր օրերին՝ որպես իրենց ընտանիքները Հայաստան փոխադրելու միջոց։ Պաշտպանության կողմը մեղադրանքի առաջին իսկ օրվանից հայտարարում էր դրա անհեթեթության մասին, քանի որ չկար ու չէր էլ կարող լիներ տուժող, ինչը պարտադիր է հափշտակության բոլոր հանցակազմերում։ 2024թ. դեկտեմբերի վերջին քննչականը վերացրել էր խարդախության մեղադրանքը, սակայն Դ.Սարգսյանին և ավագանու անդամներին նույն արարքի համար առաջադրել մեկ այլ մեղադրանք՝ «ինքնիրավչություն»։