կարևոր
1012 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-14 19:32
Հասարակություն

Մարզերի համաչափ զարգացումը պետության սահմանադրական և ռազմավարական պարտավորությունն է. պատգամավոր

Մարզերի համաչափ զարգացումը պետության սահմանադրական և ռազմավարական պարտավորությունն է. պատգամավոր

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը գրում է.

«Հայաստանի Հանրապետության կայունությունն ու կենսունակությունը պայմանավորված են ոչ թե առանձին կենտրոնների զարգացմամբ, այլ պետության ամբողջ տարածքի համաչափ ու հավասարակշռված առաջընթացով։ Մարզերի համաչափ զարգացման խնդիրը այլևս չի կարող դիտարկվել որպես երկրորդական կամ ոլորտային հարց․ այն դարձել է պետական անվտանգության, ժողովրդագրական կայունության և ազգային ապագայի առանցքային բաղադրիչ։

Տարիներ շարունակ ձևավորված կենտրոնացված կառավարման հետևանքով Հայաստանի մարզերում կուտակվել են բազմաթիվ խորքային խնդիրներ՝

-տնտեսական ակտիվության նվազում,

-աշխատատեղերի սուր պակաս,

-երիտասարդության շարունակական արտահոսք,

-սահմանամերձ և հեռավոր համայնքների դատարկում։

Այս գործընթացները ոչ միայն սոցիալ-տնտեսական հետևանքներ ունեն, այլև առաջացնում են լուրջ անվտանգային խնդիրներ:

Պետք է հստակ արձանագրել․

-Պետությունը չի կարող ուժեղ լինել, եթե նրա մարզերը թուլանում են։

-Չի կարող լինել երկարաժամկետ անվտանգություն, եթե սահմանամերձ համայնքները զրկված են կենսունակության պայմաններից։

-Չի կարող լինել սոցիալական արդարություն, եթե քաղաքացու հնարավորությունները շատ խիստ սահմանափակ են:

Մարզերի համաչափ զարգացումը պետության սահմանադրական և ռազմավարական պարտավորությունն է։

Այն պահանջում է պետական քաղաքականության համակարգային վերանայում՝

-ներդրումային և ֆինանսական ռեսուրսների տարածքային արդար բաշխում,

-տեղական տնտեսությունների զարգացում,

-արտադրական և գյուղատնտեսական ներուժի վերագործարկում,

-կրթության, առողջապահության և հանրային ծառայությունների հավասար որակի ապահովում մարզերում,

-և համայնքներին իրական ինքնուրույնություն ու պատասխանատվություն։

Այս հարցը քաղաքական շահարկման առարկա չէ։

Սա պետական մտածողության և պատմական պատասխանատվության խնդիր է։ Եթե այսօր չկանգնեցնենք մարզերի դատարկման և թուլացման գործընթացը, վաղը ստիպված կլինենք արձանագրել տարածքային և մարդկային ներուժի անդառնալի կորուստներ։

Ուժեղ Հայաստան նշանակում է ուժեղ մարզեր։

Սա ոչ թե կարգախոս է, այլ պետական անհրաժեշտություն»: