|
Փոխարժեքներ
13 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 380.83 |
| EUR | ⚊ | € 444.28 |
| RUB | ⚊ | ₽ 4.8304 |
| GBP | ⚊ | £ 512.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.25 |
MakaryanNews-ի տեղեկություններով` հունվարի 9-ին Չարենցավանում տեղի ունեցած 23-ամյա երիտասարդի սպանության դեպքով կալանավորվել է քրեական պատմություններով հայտնի, «Տարզան» մականունով Արմեն Խալաթյանը, իսկ նրա որդիներից մեկի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց ընտրել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ ավելի մեղմ է վարվել` բավարարվել է վարչական հսկողություն սահմանելով:
Հիշեցնենք, որ դեռևս 2023 թ. «Տարզան» մականունով Արմեն Խալաթյանը, որը մտերիմ հարաբերություններ ունի քրեական հեղինակություն համարվող նորատուսցի Արա և Ալիկ Բանդուրյանների հետ, քրեական աստիճանակարգություն ձևավորելու և ուրիշից փող «խլելու» մեղադրանքով կալանավորվել էր, հետո դատարանը բարեհաճ էր գտնվել նրա նկատմամբ ու տնային կալանք, ապա` վարչական հսկողություն էր սահմանել:
Դեպքի օրը, ասում են, թե´ Խալաթյանը, թե´ նրա որդիներից մեկը գտնվել են պրոբացիոն ծառայության կողմից վարչական հսկողության ներքո: Բայց դա իրենց չի խանգարել հերթական վիճաբանության մեջ ընկնել, ինչն ավարտվել է դանակահարությամբ և կրակոցներով:
Վիճաբանությունն էլ, որոշ տեղեկություններով, սկսվել է քաղաքային զբոսայգում իրար թարս նայելուց, ինչը հետո արդեն տարբեր զենքերի կիրառմամբ` շարունակվել է ՎՏԲ բանկի խաչմերուկում:
Ի դեպ, սպանված 23-ամյա Սեյրան Խալաֆյանին, ասում են, շամփուրով են սրախողխող արել: Երեկ երիտասարդի հուղարկավորությունն էր: Նա միակողմանի ծնողազուրկ էր, համեստ ընտանիքի զավակ, ուներ մայր, եղբայր և երկու քույր:
Վահե Մակարյան